Եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին իր անձի շուրջ քննարկվող քաղաքական գործընթացներին։

Անդրադառնալով այն պնդումներին, թե իր առաջադրումը «ժեստ է Թուրքիային», քանի որ նա հանդիսանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց, Ռուբինյանը պարզաբանեց. «ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ես չեմ շարունակելու լինել Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Այսպիսով, նրանց կոնսպիրոլոգիայի 90%-ը փլվում է։ Հայաստանում բոլոր պաշտոնյաներին ընտրում է ժողովուրդը՝ միջնորդավորված կերպով»։

Հարցին՝ ո՞վ է փոխարինելու նրան, Ռուբինյանը նշեց, որ բանակցողի անունը դեռ հայտնի չէ, որոշումը կկայացնի կառավարությունը։

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ուսանել է արդյո՞ք Թուրքիայում, Ռուբեն Ռուբինյանը կտրուկ արձագանքեց։ «Սա հերթական հիմարությունն է «Կալուգայի օլիգարխի» թիմակիցների կողմից։ Ես սովորել եմ ԵՊՀ-ում՝ 2006-2010 թվականներին, ապա Լոնդոնում (2010-2011) և Լեհաստանում (2011-2012)։ Թուրքական դիպլոմ չունեմ։ 2016-17թթ․ 5 ամսով մասնակցել եմ Հրանտ Դինք հիմնադրամի «Սահմանից այն կողմ» հետազոտական ծրագրին։ Դա փոխանակման ծրագիր էր, որին մասնակցում էին նաև թուրքեր՝ Հայաստանում։ Եթե Թուրքիայում լինելը խնդիր է, ապա Հայաստանի բնակչության մեծ մասը խնդրահարույց է։ Եթե Թուրքիան ուսումնասիրելն է մեղադրանք, ուրեմն Արևելագիտության ֆակուլտետը պետք է փակել»։

Խոսելով ընդդիմադիր դաշտից հնչող «թրքամետ» կամ «դավաճան» որակումների մասին՝ պատգամավորը հիշեցրեց ընտրությունների արդյունքները։ Ըստ նրա՝ նմանատիպ պիտակավորումներն արդեն տվել են իրենց արդյունքը, և ժողովուրդն իր քվեով ցույց է տվել, թե ում է վստահում։

«Ես խորհուրդ եմ տալիս չշարունակել այդ խոսույթը, որովհետև մարդիկ արդեն պատասխանը տվել են՝ ով է դավաճանը, ով՝ օտարամոլը։ Եթե ուզում են շարունակել՝ թող շարունակեն, իրենք իրենց ոտքին կկրակեն»,- ասաց Ռուբինյանը։

Նա նաև անհեթեթ համարեց Թուրքիայի հետ բանակցելու համար իրեն մեղադրելը՝ հիշեցնելով, որ նախկինում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment