12:10 03.07.2026 (Թարմացված է: 12:14 03.07.2026)
Բաժանորդագրվել
Արեգնազ Մանուկյանը այսօրվա գործողությունները կապում է Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայաստանյան այցի ու «կանաչ լույս» վառելու հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ–ի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը զարմացած չէ իրենց քաղաքական ուժի վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում տեղի ունեցած խուզարկությունից։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Նիկոլական Հայաստանում առավոտները սկսել են իրար նմանվել։ Ամեն առավոտ մտնում են մեկի տուն խուզարկության, մյուսին ձերբակալում են, մյուսին էլ կալանավորում են։ Երեկ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանեց Հայաստան, դրանից էլ մեր «փոքրիկ ֆյուրերը» ավելի է ոգևորվել ու անցել ապօրինի քրեական հետապնդումների, ռեպրեսիաների։ Զարմանալի չէր, որ Երվան Բոզոյանի հետևից պետք է գան։ Փաշինյանը հիմա լեգիտիմության խնդիր ունի, ու իր իշխանության ամրապնդման համար բոլոր «խոսող գլուխներին» պետք է հեռացնել։ ԵՄ–ից էլ «կանաչ լույս» են վառել այս ամենի համար»,– ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք` իրավապահներն առավոտյան մտել են քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարան և խուզարկություն սկսել։ ՔԿ–ից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։