Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Հայ ժողովրդի անվտանգության գլխավոր ու բնական երաշխավորը Հայոց Ազգային Բանակն է։
21-րդ դարում Հայաստանը չի կարող ունենալ թույլ կամ միջակ պաշտպանական համակարգ։ Հայաստանի և Հայ ժողովրդի անվտանգությունն ու ապագան պահանջում են բարձր կարգապահությամբ, ժամանակակից տեխնոլոգիաներով, բացառիկ մարտունակությամբ և ազգային բարձր գիտակցությամբ զինված Ազգային Բանակ։
Հայոց Ազգային Բանակը պետք է լինի այն ուժը, որը վստահություն և անվտանգություն է ներշնչում Հայ ժողովրդին, իսկ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած արտաքին սպառնալիքի համար հանդիսանում է հստակ, համոզիչ և անխուսափելի զսպող գործոն։ Այն պետք է լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության անառիկ հենարանը, պետական սահմանների ամուր պահապանը և ազգային գոյության գլխավոր երաշխավորը՝ մշտապես պատրաստ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, նրա քաղաքացիներին և ազգային շահերը։
Ժամանակակից բանակի իրական ուժը պայմանավորված է ոչ միայն սպառազինությամբ, այլև կրթված, կարգապահ, պատասխանատու, հայրենասեր և ռազմագիտական բարձր պատրաստվածություն ունեցող զինվորներով, ենթասպաներով ու սպաներով։ Բանակի հիմքում պետք է լինեն գիտելիքը, կարգապահությունը, ռազմավարական մտածողությունը, նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։
21-րդ դարի պատերազմներում հաղթանակը կերտվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև համալսարաններում, գիտահետազոտական կենտրոններում, ինժեներական լաբորատորիաներում, ռազմարդյունաբերական համալիրներում և ազգային միասնականության շնորհիվ։
Ուստի Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումը պետք է դառնա պետական ռազմավարության առաջնային ուղղություններից մեկը։ Հայաստանը չի կարող իր անվտանգության հարցում կախված լինել արտաքին ուժերից։ Սեփական ռազմարդյունաբերությունը պետք է ապահովի ռազմավարական ինքնաբավություն, տեխնոլոգիական առաջընթաց, սպառազինության շարունակական արդիականացում և պաշտպանական կարողությունների կայուն զարգացում։
Հայոց Ազգային Բանակը պետք է հենվի հայկական գիտական մտքի, ինժեներական ներուժի և ազգային ստեղծարար կարողությունների վրա։ Նրա ուժի հիմքում պետք է լինեն գիտությունը, նորարարությունը, կարգապահությունը, պատասխանատվությունը և միասնական նպատակի շուրջ համախմբված հասարակությունը։
Հայաստանի պաշտպանական ռազմավարության գլխավոր նպատակը ժամանակակից, տեխնոլոգիապես զարգացած, բարձր պատրաստվածությամբ և ինքնաբավ Ազգային Բանակի ձևավորումն է, որը ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է պետությունը, այլև իր կարողություններով նպաստում է տարածաշրջանային կայունությանը և Հայաստանի անվտանգության նկատմամբ հարգանքի ձևավորմանը։
21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է լինի բացառիկ մարտունակ, արագ արձագանքող, տեխնոլոգիական առավելություն ունեցող և վճռական ուժ՝ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած արտաքին սպառնալիքի դիմակայելու և կանխելու համար։
Հայաստանի ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի շուրջ 150-հազարանոց, բարձր պատրաստվածությամբ, տեխնոլոգիապես զարգացած և արդյունավետ կառավարվող Ազգային Բանակի ձևավորումը, որը լիովին ի վիճակի կլինի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր թիզ հողը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և այն պաշտպանելու մինչև վերջ։
Սա 21-րդ դարում Հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և ինքնիշխան ապագան ապահովելու, ինչպես նաև Հայկական բարձրավանդակում հայկական պետականության ամրապնդումն ու հարատևությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն է։
Հզոր բանակը հզոր պետության հիմքն է, իսկ հզոր պետությունը՝ Հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և ինքնիշխան ապագայի գլխավոր երաշխիքը։
Ռազմավարություն։ Կարգապահություն։ Գիտություն։ Տեխնոլոգիա։ Դիմադրողականություն։ Անձնազոհություն։
Ահա՛ 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակի հաղթանակների բանաձևը։
Խաչիկ Ասրյան
1992–1994 թվականներին՝ 30 հոգանոց իր քաջերի ջոկատով, հերոս Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո, Արցախյան պատերազմին կամավոր մասնակցած (Քաշաթաղի (Լաչինի) հարավ-արևելյան շրջան),
2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը՝ 60 հոգանոց իր քաջերի ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հերոսական հրամանատարության ներքո, Ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցած (Արցախ, Ջրական (Ջաբրայիլ)),
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ 100 հոգանոց իր քաջերի ջոկատով, ԱՀ ՊԲ Մարտունի 2 պաշտպանական շրջանի հերոսական հրամանատարության ներքո, 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած և իր քաջերի ջոկատով Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և անառիկ պահած, հետնահանջի հրամանը մերժած ու չնահանջած, ԱՍՏԾՈ կամքով ողջ մնացած,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Պահեստազորի Գնդապետ (զինվորական կոչումը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի N 1057ա/վ հրամանով),
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ
(2002 թվականի սեպտեմբերին Սյունիքում հիմնադրված «Սյունյաց Արծիվներ» և 2010 թվականի հունվարին Երևանում հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմքի վրա (Հայաստանի 301 համայնքում՝ 301 մասնաճյուղ, 45․117 անդամ, 1․500 միջոցառում՝ 15 տարվա ընթացքում․ www.hayocartsivner.am), 2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում, հազար հայորդիների մասնակցությամբ, Խաչիկ Ասրյանը կազմակերպել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, և հիմնադիր համագումարը Խաչիկ Ասրյանին միաձայն ընտրել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ),
2007–2018 թվականներին՝ ազնիվ ու անբասիր կերպով ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած:
Պարգևատրվել է 42 մեդալով (հուշամեդալ, շքանշան, կրծքանշան, կոչում) և 270-ից ավել պատվոգրով ու շնորհակալագրով։