Վարորդական իրավունքը հնարավոր կլինի վերականգնել առանց քննության 50 000 դրամով

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը լրացումներ եւ փոփոխություններ է կատարել վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման եւ վարորդական վկայականների տրամադրման կարգում։

Փոփոխություններից մեկը վերաբերում է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելին։ Օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ից, քաղաքացիները կարող են դիմել, վճարել 50 հազար դրամ եւ առանց քննության վերականգնել վարորդական իրավունքի վկայականը։
Համաձայն մեկ այլ փոփոխության՝ վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն։ Ըստ այդմ՝ քաղաքացիները գործնական քննությունը հաղթահարելու համար 2 տարի ժամանակ կունենան՝ պահպանելով տեսական քննության դրական արդյունքները։
Վերջին փոփոխությունը վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին, որտեղ կլինեն միայն կոնկրետ կարգին կամ ենթակարգին բնորոշ հարցեր։

Leave a comment