ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց:
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քրեական հետապնդում է հարուցել Աշոտյանի, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդու, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և ևս երեք անձի նկատմամբ։
Գործը վերաբերում է Երևանի Բրյուսովի համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարմանը։ 2009-2016 թվականներին կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը, մի խումբ անձանց հետ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Արդյունքում, ըստ իրավապահների, պետության սեփականությունից դուրս է բերվել Երևանի Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451 քմ մակերեսով անշարժ գույքն ու հողամասը։ Գույքի արժեքը գնահատում է ավելի քան 208 միլիոն դրամ։ Այն հետագայում փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։ Գույքի ծագումը թաքցնելու նպատակով այն նախ ձևակերպվել է մեկ այլ անձի անունով, ապա 75 միլիոն դրամով գնվել և գրանցվել Գագիկ Խաչատրյանի որդու անվամբ։ Քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու հոդվածներով։
Աշոտյանը սա որակում է քաղաքական հետապնդում։