Եվրոպայում կարծում են, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման վճարը դարձել է անխուսափելի. Bloomberg

Եվրոպական բազմաթիվ երկրներ համոզված են, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճարի սահմանումը գործնականում անխուսափելի է։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ առնվազն երկու եվրոպական պաշտոնյա մասնավոր զրույցներում նշել են, որ Իրանում պատերազմի ավարտից հետո անցման վճարը, այս կամ այն ձևաչափով, կդառնա նոր իրականություն։ Նույն տեսակետին են նաև Պարսից ծոցի որոշ երկրների առանձին պաշտոնյաներ։

Միևնույն ժամանակ, դեռևս հստակ չէ, թե ինչ տեսակի վճարային համակարգ կկիրառվի և ինչ չափի վճարն ընդունելի կհամարվի միջազգային հանրության համար։

Bloomberg-ի տվյալներով՝ եվրոպական երկրների ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում Իրանի և Օմանի պաշտոնյաների հետ՝ կոչ անելով չխտրականացնել Հորմուզի նեղուցով անցնող նավերը՝ դրանց ազգային պատկանելությունից ելնելով։

Մինչդեռ ԱՄՆ-ն և Պարսից ծոցի արաբական երկրները չեն աջակցում նման նախաձեռնությանը։ Նրանք պնդում են, որ Իրանը և Օմանը իրավասու չեն որևէ ձևով վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցման համար։

Այս երկրների մտահոգությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային ծովային իրավունքի հնարավոր խախտմամբ, այլև այն հանգամանքով, որ նման որոշումը կարող է նախադեպ ստեղծել աշխարհի այլ ռազմավարական ծովային ուղիների համար։

Այնուամենայնիվ, Bloomberg-ը հիշեցնում է, որ Օմանը արդեն հայտարարել է՝ Իրանում պատերազմի ավարտից հետո նախկին կարգին վերադառնալն այլևս հնարավոր չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment