Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված արդյունքների ապահովմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ծրագրով սահմանված է, որ մինչև 2023 թվականը 3-5 տարեկանների առնվազն 95 %-ն ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում, դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում:

Կառավարության որդեգրած քաղաքականության և իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման և վերանորոգման/հիմնանորոգման ծրագրի իրականացման արդյունքում 2025 թ. դրությամբ նախադպրոցական կրթության համակարգում 3-5 տարեկանների ընդգրկվածությունը կազմել է 81%, որը 2021 թ. 64,3% ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 17 %-ով:

Ըստ հիմնավորման՝ քաղաքային բնակավայրերում դեռևս մտահոգիչ է այն երեխաների թիվը, որոնք մեծաթիվ հերթերով պայմանավորված՝ մինչև դպրոց գնալը այդպես էլ չեն հասցնում հաճախել մանկապարտեզ: Այս համատեքստում առաջարկվում է նախադպրոցական կրթության ծառայությունների ցանցի ընդլայնում՝ մասնավորի հետ համագործակցությամբ: Ըստ այդմ՝ հաստատվել է մասնավոր նախադպրոցական ծառայությունների խթանման ֆինանսավորման նոր մոդելը՝ ներդնելով մեկ երեխայի հաշվով ֆինանսավորման մեխանիզմ՝ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այս ուղղությամբ արդեն կատարվել է զգալի աշխատանք։ Մասնավորապես՝ ներդրվել են մասնավոր նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման մեխանիզմներ։ Այսպիսով՝ ներդրվող պիլոտային ծրագիրը վերաբերում է այն երեխաներին, որոնք պատկանում են ավագ տարիքային խմբին՝ 5-6 տարեկան են, առնվազն 9 ամիս հերթագրված են եղել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սակայն առկա հերթերի կամ համապատասխան տևողությամբ ծառայության բացակայության պատճառով չեն ընդգրկվել այդ հաստատությունում։ Այս երեխաները կկարողանան դառնալ պետական և համայնքային ֆինանսավորման մոդելով իրագործվող կրթական ծրագրի շահառու։

«Առաջարկվող մոդելի համաձայն՝ եթե համայնքը ֆինանսավորում է ծառայության արժեքի մինչև 50 տոկոսը, ապա մնացածը՝ մինչև 50 տոկոսի չափով, կհոգա պետական բյուջեն։ Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել նաև ծնողների համավճար։ Այդուհանդերձ, սահմանում ենք դրա առավելագույն չափը՝ ծառայությունների ֆինանսական մատչելիությունն ապահովելու նպատակով։ Մասնավորապես՝ ծնողական համավճարը չի կարող գերազանցել պետական ֆինանսավորման մեկ երեխայի հաշվով չափաքանակի 80 տոկոսը, ինչը տարեկան կազմում է շուրջ 430 հազար դրամ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Ծրագրի իրականացումը նախատեսվում է փուլային եղանակով։ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից այն կմեկնարկի Երևան, Աբովյան և Վանաձոր քաղաքներում, իսկ 2028 թվականից կներդրվի բոլոր քաղաքային բնակավայրերում։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կրթության ոլորտում տեղի են ունենում մասնավոր ներդրումներ և մատուցվում են որակյալ ծառայություններ։ Մենք տեսնում ենք, որ այդտեղ զարգացման մեծ պոտենցիալ կա, որը ինչ-որ առումով նաև լրացուցիչ խթան է պետական կրթական համակարգի համար՝ մրցակցության որոշակի վիճակում լինել, մատուցվող ծառայություններն ավելի բարձրորակ դարձնել և չլճանալու ևս մի գործոն ունենալ»։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախադպրոցական կրթության խնդիրը լուծելու անհրաժեշտությունը և արձանագրել՝ Կառավարությունը խթանում է մասնավոր ներդրումները կրթության ոլորտում, որը շատ կարևոր և էական ուղղություն է։ «Իհարկե, մենք այլ ծրագրեր նույնպես մտածում ենք, մասնավորապես՝ հանրակրթության, թե ինչպես կարող ենք նաև մասնավոր հատվածի համար ներդրումային հետաքրքրությունները մեծացնել, որը, ընդհանուր առմամբ, մեր ռազմավարությունների շրջանակում է», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս պիլոտային ծրագրի նպատակն է հասկանալ, թե ինչպես կաշխատի մեխանիզմը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտում ներդրումները խթանելը՝ Կառավարության և համայնքի հստակ բովանդակային վերահսկողության ներքո։

Leave a comment