Արտահանման պրոբլեմը քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին: Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ Ֆոն դեր Լայենի հայտարարությունների համաձայն՝ այս որոշումը կվերաբերի ՀՀ-ից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին, գյուղատնտեսական արտադրանքի 99 տոկոսին և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90 տոկոսին. «Այս ցուցակները կճշգրտվեն, մինչև որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը որոշակի ժամանակ կտևի, որովհետև անդամ երկրներն այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն և Եվրոպական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի, դա որոշակի ժամանակ կտանի: Մենք այսօր էլ ունենք որոշում, որ արտահանման աջակցություն ենք ցուցաբերում մաքսավճարների հարցում: Այս որոշումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի այն պոտենցիալ հնարավորություններից, որ բացվում են՝ մենք կարողանանք օգտվել: Մասնավոր հատվածը և բիզնեսը պետք է սովորի՝ ինչպես օգտվի մեխանիզմներից: Սա մեր արտահանողների զգալի հատվածի համար նոր ուղղություն է: Պայմանավորվեցինք ԵՄ գործընկերների հետ, որ համատեղ ծրագրեր պետք է անենք, որպեսզի մասավոր հատվածին աջակցենք, որպեսզի նրանք նաև համապատասխան կադրեր պատրաստեն, որոնք տեղյակ կլինեն»:
Վարչապետի խոսքով՝ սա շատ էական և շրջադարձային պահ է. «ԵՄ-ի 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի, բարձր ստանդարտների շուկա է: Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել, սա նորմալ է, որովհետև մենք ուզում ենք համաշխարհային շուկային հասանելիություն ունենալ: Արտահանման պրոբլեմը քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ պրակտիկ մակարդակում կարողանանք լուծել»: