Մակրոն եւ Գեբրեյեսուս. Մեր երեխաներն ու երիտասարդները փորձակենադանի չեն

Ներկայացնում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի հոդվածի թարգմանությունը։
Էմանուել Մակրոն, Թեդրոս Գեբրեյեսուս
Թվային միջավայրը մարդկանց առողջության վրա ազդող հզոր գործոն է: Սա առավել քան ճշմարիտ է երեխաների եւ երիտասարդների պարագայում:
Թվային տեխնոլոգիաները վերափոխում են մանկությունը՝ կանխորոշելով այն, թե ինչպես են երիտասարդները սովորում, խաղում եւ շփվում: Մեր խնդիրը տեխնոլոգիաները գովաբանելը կամ դատապարտելը չէ: Բայց պարզ ճշմարտություն կա. թվային միջավայրը ոչ միայն հսկայական առավելություններ է խոստանում, այլեւ լուրջ ռիսկեր է ստեղծում երեխաների առողջության ու զարգացման համար: Մեր պատասխանատվությունն է՝ առավելագույնի հասցնել առաջինը՝ կանխելով երկրորդը: Գործելու համար դեռ ուշ չէ:
Կառավարություններն ավելի ու ավելի ակտիվորեն են ընդունում, որ համացանցում երեխաների պաշտպանությունը հանրային առողջապահության հրամայական է: 
Ավստրալիան աշխարհում առաջինը ներկայացրեց պահանջ, որը սոցիալական ցանցերին պարտադրում է թույլ չտալ 16 տարեկանից ցածր երեխաներին օգտահաշիվ ստեղծել: Ֆրանսիան առաջ է մղում օրենսդրություն, որն արգելում է սոցիալական ցանցերի հասանելիությունը 15 տարեկանից ցածր անձանց համար: Ինդոնեզիան արգելել է հասանելիությունը 16 տարեկանից ցածր երեխաների համար, Իսպանիան հայտարարել է նույնն անելու ծրագրերի մասին, իսկ Իռլանդիան, Եվրամիության գործընկերների հետ համատեղ, աշխատում է տարիքային սահմանափակումների եւ տարիքի ստուգման համակարգերի ներդրման ուղղությամբ՝ 16 տարեկանից ցածր օգտատերերին պաշտպանելու համար:
Այս միջոցները արտացոլում են աճող գլոբալ կոնսենսուսն առ այն, որ թվային միջավայրն ունի արդյունավետ կարգավորման, տարիքային սահմանափակումների եւ երեխաների առողջության պահպանման ուժեղացված երաշխիքների կարիք:
Լուծումներն անհրաժեշտ են, քանի որ թվային միջավայրը չեզոք չէ: Այն, թե ինչպես է այն նախագծվում, կարգավորվում եւ դրամայնացվում, ազդում է մեր կյանքի բազմաթիվ կողմերի վրա, եւ առողջությունը բացառություն չէ:
Կարծրատիպային, սեքսուալացված, դաժան կամ խտրական կոնտենտի ազդեցությունը ձեւավորում է այն, թե ինչպես են երեխաներն ընկալում իրենց եւ շրջակա աշխարհը: Ալգորիթմներն ավելի ու ավելի հաճախ են առողջության վերաբերյալ տեղեկատվությունն ընտրում՝ կողմնորոշվելով ուշադրությունը գրավելու, այլ ոչ թե ճշգրտության վրա, ինչը լայն տարածում է ապահովում մոլորեցնող պնդումների համար: Անձնական տվյալների հավաքագրումն ու օգտագործումը մտահոգություններ են առաջացնում գաղտնիության, մանիպուլյացիաների եւ բարեկեցության վերաբերյալ:
Սոցիալական ցանցերը, խաղերը եւ արհեստական բանականության (ԱԲ) օգտագործումը կարող են խորացնել մենակությունը եւ դուրս մղել օֆլայն հարաբերությունները: Երկարատեւ օգտագործումը նպաստում է նստակյաց կենսակերպին եւ քնի կրճատմանը, որոնք ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հայտնի ռիսկի գործոններ են:
Համացանցում աճում է երեխաների սեռական շահագործման և բռնության դեպքերի թիվը՝ սեռական բռնության նյութերի ծավալների կտրուկ ավելացման, ԱԲ միջոցով ստեղծված բռնության պատկերների եւ սեռական բնույթի deepfake կոնտենտի աճին զուգընթաց: Այս ամենը խորը եւ երկարաժամկետ հետեւանքներ է ունենում հոգեկան առողջության, վստահության եւ անվտանգության համար:
Կոմերցիոն նպատակները միայն մեծացնում են այս բոլոր ռիսկերը: Շատ հարթակներ ստեղծված են օգտատերերին հնարավորինս երկար պահելու համար, սակայն վնասակար նյութերից պաշտպանվելու համակարգեր կամ երեխաների ֆիզիկական ու հոգեկան առողջությունը պաշտպանող գործիքներ չունեն:
Գեներատիվ արհեստական բանականությունը հզոր գործիք է, որն ուժեղացնում է ինչպես ռիսկերը, այնպես էլ հնարավորությունները երեխաների բարեկեցության համար: Պատասխանատու կիրառման պարագայում արհեստական բանականության հատուկ նախագծված գործիքները կարող են նպաստել կրթության, մատչելիության եւ առողջության ապահովմանը։ Սակայն դրանց երկարաժամկետ ազդեցությունը հարաբերությունների, էմպաթիայի կամ ինքնակարգավորման մասին երեխաների պատկերացումների վրա դեռեւս անորոշ է մնում:
Մենք պետք է լսենք այսօրվա երիտասարդությանը: Որպես տեխնոլոգիաների ակտիվ օգտատերեր՝ նրանք կարող են օգնել թվային միջավայրին զարգանալ պատասխանատու կերպով: Օնլայն եւ օֆլայն աշխարհներն այժմ կազմում են մեկ միասնական տարածություն, որտեղ թվային գործիքները կարող են կա՛մ աջակցել առողջ զարգացմանը, կա՛մ դուրս մղել այն: Երիտասարդները պետք է հենվեն սեփական կենսափորձի վրա՝ օգնելու ձեւավորել անհրաժեշտ պաշտպանական միջոցները: Այս երկխոսությանը պետք է միանան նաեւ ծնողները, խնամակալները, դպրոցները եւ համայնքները:
Մեր երեխաներն ու երիտասարդները ո՛չ փորձաճագարներ են, ո՛չ գերի ընկած լսարան եւ ո՛չ էլ ապրանք: Միասին մենք կարող ենք եւ պետք է ձեւավորենք այնպիսի թվային միջավայր, որը պաշտպանում է նրանց առողջ զարգացումը: Որոշումները, որոնք կայացնում ենք այսօր, իրենց արձագանքն են ունենալու շատ սերունդների կյանքում:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 

Leave a comment