Ռիսկեր քաղաքացիների և հեռախոսների շուկայի համար․ 10 հարց ՀՀ իշխանություններին՝ IMEI–ների գրանցման մասին

«Ամերիա» կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը 10 հարց է ուղղել ՀՀ իշխանություններին բջջայի հեռախոսների IMEI–ների պետական գրանցման մասին


ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․  «Ամերիա» կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը 10 հարց է ուղղել ՀՀ իշխանություններին բջջայի հեռախոսների IMEI–ների պետական գրանցման մասին։


Նրա խոսքով, առաջարկվող կարգավորումը վերաբերում է հարյուր հազարավոր քաղաքացիների, բջջային կապի օպերատորներին և հեռախոսների առևտրին։


Վերլուծաբանն իր Facebook–յան էջում առաջարկել է համապատասխան օրինագծի հեղինակներին պարզաբանել 10 կետ․




1. Արդյո՞ք IMEI-ների պետական գրանցման համակարգի ներդրումը բխում է ԵԱՏՄ իրավունքի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որևէ պարտադիր ակտից։ Եթե այո, խնդրում եմ նշել այդ ակտի համարը և համապատասխան դրույթը։


2. Եթե նման պարտադիր ակտ գոյություն չունի, ապա ինչո՞վ է պայմանավորված հենց այս կարգավորման մոդելի ընտրությունը, և ինչո՞ւ չեն ընտրվել այլընտրանքային մոտեցումներ, այդ թվում՝ Եվրոպական միության բազմաթիվ երկրներում կիրառվող մոդելները։


3. Ե՞րբ է նախատեսվում IMEI-ի պետական գրանցումը՝ ներմուծման պահին, թե՞ միայն Հայաստանի ներքին շուկայում շրջանառության մեջ դրվելու պահին։ Եթե գրանցումը կատարվելու է ներմուծման պահին, ապա ինչպիսի՞ կարգավորում է նախատեսվում այն հեռախոսների IMEI-ների համար, որոնք չեն իրացվելու Հայաստանի ներքին շուկայում և հետագայում ամբողջությամբ կարտահանվեն կամ կվերաարտահանվեն։ Կմնա՞ն արդյոք դրանց IMEI-ները Հայաստանի պետական ռեեստրում, թե՞ նախատեսվում է դրանց դուրսբերման կամ հաշվառումից հանելու որևէ մեխանիզմ։


4. Եթե հեռախոսները ԵԱՏՄ միասնական մաքսային տարածք են ներմուծվել այլ անդամ պետության (օրինակ՝ Բելառուսի) միջոցով և այնուհետև օրինական կերպով տեղափոխվում են Հայաստան, ինչպե՞ս է աշխատելու առաջարկվող համակարգը։


5. Նախատեսվո՞ւմ է ԵԱՏՄ մակարդակով IMEI-ների միասնական ռեեստրի կամ տվյալների փոխանակման միասնական համակարգի ստեղծում։ Եթե այո, ապա ո՞ր փուլում է գտնվում այդ գործընթացը։


6. Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին տարիներին Հայաստան ներմուծվող բջջային հեռախոսների զգալի մասը հետագայում արտահանվում կամ վերաարտահանվում է։ Ունե՞ք գնահատական, թե ներմուծվող սարքերի IMEI-ների մոտավորապես քանի՞ տոկոսն է վերջնականապես օգտագործվում Հայաստանում, և քանի՞ տոկոսը՝ Հայաստանի սահմաններից դուրս։


7. Արդյո՞ք այսօր բջջային օպերատորները SIM/eSIM քարտի ակտիվացման պահին տեխնիկապես կապում են բաժանորդին տվյալ սարքի IMEI-ի հետ։ Եթե այո, ապա գործող մեխանիզմների համեմատ ի՞նչ լրացուցիչ արդյունք է ապահովելու IMEI-ների կենտրոնացված պետական ռեեստրի ստեղծումը։


8. Ունե՞ն արդյոք Հայաստանի բջջային օպերատորները տեխնիկական և իրավական հնարավորություն օգտվելու GSMA-ի Device Registry / IMEI Database համակարգից՝ ստուգելու սարքերի IMEI-ները և արգելափակելու միայն այն սարքերը, որոնք միջազգային տվյալների բազաներում նշված են որպես գողացված կամ ունեն անվավեր IMEI։ Եթե այո, արդյո՞ք այս տարբերակը գնահատվել է որպես հնարավոր այլընտրանք։


9. Եթե Հայաստանի օրինական վաճառողից հեռախոս գնելիս գնորդի անձնական տվյալները չեն կապակցվելու տվյալ սարքի IMEI-ին պետական տեղեկատվական համակարգում, ապա ինչպե՞ս է նախատեսվում վարվել այն սարքերի դեպքում, որոնք քաղաքացիները՝


* ինքնուրույն են ներմուծել Հայաստան,


* կամ ձեռք են բերել ԵԱՏՄ մեկ այլ անդամ պետությունում (օրինակ՝ Ղազախստանում) գրանցված իրավաբանական անձից՝ այդ երկրի տարածքում, որտեղ բոլոր մաքսային և հարկային ընթացակարգերն արդեն իսկ օրինական կերպով իրականացվել են,


* կամ հետագայում այդ սարքերը օրինական կերպով տեղափոխել են Հայաստան՝ ԵԱՏՄ միասնական շուկայի շրջանակում։


Եթե ԵԱՏՄ մակարդակով IMEI-ների միասնական ռեեստր գոյություն չունի, և այդ սարքերի IMEI-ները Հայաստանի պետական ռեեստրում բացակայում են, ապա ինչպե՞ս է նախատեսվում ապահովել դրանց օրինական շրջանառությունը Հայաստանի ներքին շուկայում՝ առանց քաղաքացիների համար լրացուցիչ վարչարարական բեռ ստեղծելու։


10. Եթե Հայաստանը հրաժարվի IMEI-ների պետական գրանցման համակարգից, կարո՞ղ է դա որևէ կերպ սահմանափակել Հայաստանից բջջային հեռախոսների օրինական արտահանումը կամ վերաարտահանումը դեպի այն երկրները, որտեղ գործում են ազգային IMEI-ների գրանցման համակարգեր։ Եթե այո, խնդրում եմ ներկայացնել այդ կապի իրավական և տեխնիկական հիմնավորումը։ 


Փորձագետի կարծիքով, այս հարցերի հրապարակային պարզաբանումը կարևոր է ոչ միայն օրինագծի բովանդակությունը գնահատելու, այլև հասկանալու համար, թե ինչ խնդիր է այն իրականում լուծում, ինչ այլընտրանքներ են քննարկվել և ինչու է ընտրվել հենց այս կարգավորման մոդելը։


Օրինագծի մասին


Հայաստանի կառավարության կողմից հունիսի 26-ին ընդունված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը նախատեսում է բջջային օպերատորների կողմից IMEI կոդերի պարտադիր ստուգում կապի ծառայություններ մատուցելիս։


Համաձայն նախագծի՝ քաղաքացին, ով Հայաստան է ներմուծում 2025-2026 թթ. արտադրության բջջային հեռախոս, պետք է գրանցի սարքը՝ վճարելով պետական տուրք 3 հազար դրամի չափով։ Ավելի հին հեռախոսների գրանցումը կիրականացվի անվճար։


Ընդ որում, մեկ տարվա ընթացքում լրացուցիչ հեռախոսներ ներմուծելու համար նախատեսվում է բարձրացված տուրք՝ 100 հազար դրամ 2026 թվականի արտադրության սարքի համար և 20 հազար դրամ՝ 2025 թվականին արտադրված հեռախոսի համար։

Leave a comment