Ուզում եմ վերջնական կարգավորել անձնական կյանքս և ուզում եմ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք, հայտարարել է Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի վերցնի պատգամավորական մանդատը նոր խորհրդարանում։
Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները կայացել են հունիսի 7-ին: Հունիսի 25-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նորընտիր խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի (այժմ՝ ԱԺ փոխխոսնակ) թեկնածությունը:
«Ես ցանկացել եմ շարունակել իմ աշխատանքը (ԱԺ նախագահի պաշտոնում – խմբ.), քանի որ լինելով պատմության մեջ ամենից երկար պաշտոնավարած ԱԺ նախագահը, որն ամբողջությամբ իր ժամկետն աշխատել է, կարծում եմ՝ իմ աշխատանքը պետք էր շարունակել, բայց նաև գոյություն ունի կուսակցություն և վարչություն, և ես ասել եմ՝ ոնց կորոշի վարչությունը։ Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը», – ասաց Սիմոնյանը։
Նա հայտարարեց, որ նեղվածություն չունի կուսակցության որոշման հետ կապված և կարծում է, որ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինի երկրին, կուսակցությանը։
«Ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր՝ շարունակելու աշխատանքը։ Ինձ համար աշխատանքային առումով ծանր տարի էր. մի մոռացեք, որ սա հետպատերազմյան Ազգային ժողով էր, սա տարբեր մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած Ազգային ժողով էր, և իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որ ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ։ Իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Նաև անձնական կյանք ունեմ, նաև անձնական կյանքս եմ ուզում ինչ-որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ, և ուզում եմ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք և մարդկանց շատ չհոգնեցնեմ», – հայտարարեց Սիմոնյանը լրագրողներին։
Պատասխանելով հետագա կարիերայի մասին հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ այս պահին որևիցէ բան չի քննարկել, որևէ պայմանավորվածություն գոյություն չունի:
«Ես տեսա, դուք վարչապետին հարցնում էիք մեր հարաբերությունների մասին: Ուզում եմ առիթն օգտագործել ու ասել՝ ես քաղաքականության մեջ կամ միայն «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակում, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես չեմ տեսնում ինձ առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»,- ընդգծեց Սիմոնյանը: