ԵՄ մակարդակով պատրաստվում են երեխաների համար սոցցանցեր մուտքի արգելք սահմանել

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հայտարարել ԵՄ մակարդակով երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման արգելք սահմանելու ծրագրերի մասին։ Euractiv-ի աղբյուրների համաձայն՝ ֆոն դեր Լայենն այս նախաձեռնությունը կքննարկի սեպտեմբերի 16-ին իր տարեկան ելույթում։ Նման արգելքի իրավական հիմքը, ըստ Եվրոպական հանձնաժողովի աղբյուրի, դեռևս չի մշակվել, գրում է Meduza-ն։

Euractiv-ը նաև գրում է, որ ներկայում պարզ չէ, թե որն է լինելու անչափահասների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու նվազագույն տարիքը, ինչպես նաև այն, թե ինչպես է արգելքը կիրառվելու: ԵՄ երկրների մակարդակով առաջարկվում են տարբեր վերահսկողության մեխանիզմներ՝ ծնողների համաձայնությունից մինչև տարիքի ստուգման տեխնոլոգիաների կիրառումը։

Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ Եվրահանձնաժողովը փորձում է ավելի արագ գործել՝ ընդունելով ընդհանուր կանոններ ամբողջ ԵՄ-ի համար, նախքան ԵՄ անդամ պետությունների օրենքները չափազանց չեն հեռացել մեկը մյուսից այս հարցում։

Ավստրալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը 2024 թվականին օրենքով արգելել է 16 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը։ Մեծ Բրիտանիան ևս նախատեսում է նմանատիպ սահմանափակումներ կիրառել։

ԵՄ երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան և Իսպանիան, նույնպես նախատեսում են երեխաների կողմից  սոցցանցերի օգտագործման արգելք սահմանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment