«Երբ Հայաստանը մերձենում է Եվրամիությանը, Հարավային Կովկասն է ավելի մերձենում: Խաղաղության պայմանագրի նախաստորագրումն անցյալ տարի պատմական իրադարձություն էր՝ ամենակարեւոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանն իրականացրել է վերջին տասնամյակների ընթացքում:
Նույնը վերաբերում է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ դրա պտուղները տպավորիչ կլինեն, բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան»,- Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Նա նշել է, որ «Հայաստանը շարունակում է տնտեսական ճնշման ենթարկվել Ռուսաստանի կողմից».
«Վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում: Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ ամրացնելու ձեր առեւտուրը: Սա այն 52 միլիոն եվրո օժանդակության փաթեթի վերջնական մասն է, որ քննարկեցինք հունիսի սկզբի մեր հեռախոսազրույցում։
Բացի այդ, մենք առաջարկ ենք ներկայացնում, որով կազատականացվի դեպի ԵՄ արտահանումների մոտ 80%-ը ։ Այն արտադրանքը, որը գնում էր դեպի ռուսական շուկա, մենք կարող ենք վերաուղղորդել դեպի ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողի համար:
Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի գրեթե 99% թարմ գյուղմթերքի համար, 90% խմիչքների եւ ոգելից խմիչքների համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ Հայաստանը խնդիր երբեք չի դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ եւ ՌԴ հարաբերություններում.
«Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակում։ Մենք որեւէ միջազգային գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց նաեւ որեւէ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի շահերը»:
Ֆոն դեր Լայենն եկել է ասելու, որ «կարող եք մեզ վրա հույս դնել»
Երեւան: Մեդիամաքս: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր ասել է, որ Երեւան է եկել ասելու, որ «կարող եք մեզ վրա հույս դնել»: