Բաց ծովում շարունակում են կուտակվել իրանական նավթի զգալի պաշարներ, մինչ Թեհրանը փորձում է գնորդներ գտնել մինչև Վաշինգտոնի սահմանած 60-օրյա ժամկետի ավարտը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Vortexa ընկերության տվյալներին։
Vortexa-ի տվյալների և Bloomberg-ի հաշվարկների համաձայն՝ հուլիսի 1-ի դրությամբ ծովում գտնվել է ավելի քան 58 միլիոն բարել իրանական նավթ և գազային կոնդենսատ։ Այդ ծավալի ավելի քան 90 տոկոսի համար վերջնական առաքման կետ չի նշվել։
Հաղորդվում է, որ նավթատարները որպես հաջորդ նավահանգիստ նշում են «ըստ պատվերի» կամ Սինգապուրը, ինչը կարող է վկայել, որ նախատեսվում է նավթի բեռնափոխադրում նավից նավ Մալակկայի նեղուցի շրջանում։
Bloomberg-ի գնահատմամբ՝ եթե Թեհրանին չհաջողվի արագ իրացնել այդ նավթը, դա կարող է զրկել երկիրը անհրաժեշտ եկամուտներից և թուլացնել նրա դիրքերը Վաշինգտոնի հետ ընթացող բանակցություններում։