Մեկ միլիարդից ավելի դրամ և չաշխատող համակարգ․ մինչդատական վարույթի թվայնացման ձախողումը

Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով շուրջ 1 միլիարդ դրամ է ծախսել մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգի ստեղծման համար, սակայն այն այդպես էլ լիարժեք չի գործել։ Ավելին՝ համակարգը օրենսդրական փոփոխություններից հետո դադարել է բնականոն աշխատանքը, իսկ դրա շտկման համար պետությունը ստիպված է եղել լրացուցիչ 114 միլիոն դրամի նոր պայմանագիր կնքել։ 

Մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգը գործարկվել էր 2023 թվականին և նախատեսված էր քրեական գործերով մինչդատական վարույթի ողջ շղթայի թվայնացման և ավտոմատացման համար։ Այն հնարավորություն էր տալու էլեկտրոնային եղանակով իրականացնել բոլոր գործընթացները՝ սկսած հանցանքի մասին հաղորդումն ընդունելուց, նախաքննությունից և մեղադրանքի առաջադրումից՝ մինչև գործը դատարան ուղարկելը։ 

Համակարգի խափանումների և քննիչների աշխատանքում առաջացած լուրջ խնդիրների մասին դեռևս նախորդ տարի գրել էր «Հետքը»՝ նշելով, որ համակարգը, որը պետք է արագացներ գործերի քննությունը, գործնականում քննիչներին նորից վերադարձրել է աշխատանքի թղթային եղանակին։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է այս գործընթացի մանրամասներն ու փաստական ընդհանուր պատկերը։

Պայմանագիրը և մեկ միլիարդ դրամի գնումը

2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմը կնքել են պայմանագիր «ԱյՅու-Նեթվորքս» ՍՊԸ-ի, խորվաթական «Թեքեդ Քոնսալթինգ Սերվիսիս»-ի և «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի ՀՁ (joint venture) հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 միլիարդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն (170 միլիոն դրամ): Գումարը տրամադրել է Համաշխարհային բանկը, իսկ ԱԱՀ-ն հատկացվել է պետական միջոցներից։

Արտապատկերումը՝ պայմանագրից

Ըստ պայմանագրի գնային ամփոփագրի՝ այդ գումարը բաշխվել է երկու հիմնական ուղղություններով.

  1. ծրագրային ապահովման մատակարարման և տեղադրման ծախսեր՝ 513 մլն դրամ (առանց ԱԱՀ)
  2. սարքավորումների մատակարարման և տեղադրման ծախսեր՝ 337 մլն 186,796 դրամ (առանց ԱԱՀ):

Ծրագրային ապահովման և ներդրման ծառայությունների համար նախատեսված 513 միլիոն դրամը ձևավորվել է իրականացման երեք փուլերի հիման վրա։

  • Փուլ 1. Տեխնիկական նախագծում (153,900,000 դրամ): Ներառում է համակարգի առանձնահատկությունների նախագծումը, ինտերֆեյսի մշակումը և համակարգի ամբողջական նկարագրության փաստաթղթի պատրաստումը:
  • Փուլ 2. Համակարգի մշակում, ներդրում և հարմարեցում (307,8 մլն դրամ): Սա պայմանագրի ամենախոշոր բաղադրիչն է, որի շրջանակում իրականացվել է համակարգի նախատիպի մշակումը (156,5 մլն դրամ), բուն մշակումն ու հարմարեցումը (84,343,000 դրամ), տեղադրումը սարքավորումների վրա, փորձնական գործարկումը պետական մարմիններում և իրավական ակտերի նախագծերի փաթեթի պատրաստումը (30,097,500 դրամ):
  • Փուլ 3. Տեխնոլոգիաների փոխանցում և ուսուցում (51,300,000 դրամ): Այս գումարը ներառում է անձնակազմի ուսուցումը, օգտագործողի ձեռնարկների և վարչարարական փաստաթղթերի տրամադրումը, ներառյալ՝ ծրագրի ելակետային կոդերի (source codes) փոխանցումը:

Սարքավորումների համար նախատեսված շուրջ 337 միլիոն դրամի մեջ ներառված են եղել տարբեր տեխնիկական միջոցներ, օրինակ՝ համակարգիչներ, շարժական տպիչներ, նույնականացման քարտ ընթերցող սարքեր, էլեկտրոնային ստորագրության սարքեր և այլն։ Օրինակ՝ գնել են 1264 համակարգիչներ՝ 276,2 մլն դրամ արժեքով և այլն:

Այս տեխնիկական միջոցները բաշխվել են իրավապահ համակարգի տարբեր գերատեսչությունների միջև, այդ թվում՝ Դատախազությանը, Քննչական կոմիտեին, Հատուկ քննչական ծառայությանը (հետագայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե), Ազգային անվտանգության ծառայությանը և Պետական եկամուտների կոմիտեին:

Արտապատկերումները՝ պայմանագրից

Այս համակարգի նախագծման, տեղադրման ու գործնական կիրառման նպատակն է եղել ապահովել անցումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ 

Սակայն համակարգը նախատեսված նպատակով չի գործել, և այն ավարտին հասցնելու համար պետությունը ստիպված է եղել նոր ֆինանսավորում հատկացնել։ 

Ինչո՞ւ համակարգը չաշխատեց

Չնայած վարկային միջոցներով պետության կողմից արված նման հսկայածավալ ծախսերին՝ համակարգը աշխատում էր խափանումներով և թերություններով։ Ըստ պաշտոնական պարզաբանումների և փաստաթղթերի՝ խնդիրները մի քանիսն են եղել.

  • Օրենսդրական անհամապատասխանություն. 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ոլորտային օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունները համակարգում չեն ներդրվել, ինչի հետևանքով համակարգի աշխատանքը դարձել է ոչ արդիական։ 
  • Մատակարարի դիրքորոշումը. Մատակարար կազմակերպությունը չի կատարել արդիականացումը, այսինքն՝ համակարգը չի համապատասխանեցրել գործող օրենսդրական կարգավորումներին՝ պատճառաբանելով «իրավապայմանագրային հիմքերի բացակայությունը»։
  • Կրկնակի ծախսեր. Համակարգը վերջնական գործարկելու համար պետությունը ստիպված է եղել 2026թ. փետրվարի 27-ին կնքել նոր պայմանագիր (PSMP4-CQS-1.2.7) «Վի ԻՔՍ Սոֆթ» ՍՊԸ-ի հետ՝ ավելի քան 114 միլիոն դրամ արժեքով։

ԻՔՄ-ի և Դատախազության դատական վեճը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ-ն, անսալով էլեկտրոնային համակարգի անգործության մասին հանրային քննարկումների ժամանակ բարձրացված մտահոգություններին, 2025թ. հոկտեմբերից փորձել է հարցումների միջոցով պարզել՝ ինչո՞ւ չի աշխատել համակարգը, ինչո՞ւ կամ ինչպե՞ս են ծախսվել հսկայական գումարներ։ Այլ խոսքով, փորձել է պարտադրել պետական մարմիններին ծրագրի շուրջ որոշակի թափանցիկություն ապահովել։ Սակայն բազմաթիվ հարցեր պետական մարմինը թողել է անպատասխան, ինչն էլ ստիպել է կազմակերպությանը դիմել դատարան։ 

Այսպես, 2025-ի հոկտեմբերի 23-ին ԻՔՄ-ն հարցմամբ դիմել է Դատախազություն՝ խնդրելով տրամադրել մրցույթի գնահատող հանձնաժողովի արձանագրությունները, պայմանագրի պատճենը և պարզաբանում՝ ինչու չի գործում համակարգը։

Իրավական գործընթացի ժամանակագրությունը

  1. Մերժում և դատական հայց. Դատախազությունը հայտնել է, որ տեղեկատվությունը կտրամադրվի միայն էլեկտրոնային կառավարման համակարգերը նոր մոդուլներով համալրվելու նպատակով ծառայությունների ձեռքբերումից հետո։ ԻՔՄ-ն սա համարել է ապօրինի մերժում և դիմել ՀՀ վարչական դատարան։
  2. Փաստաթղթերի «բացակայությունը». Դատական նիստերի ընթացքում Դատախազության ներկայացուցիչները հայտարարել են, որ գնահատող հանձնաժողովի արձանագրություններն իրենց մոտ առկա չեն։ Հետագայում առանձին հարցմամբ տեղեկացել ենք, որ այդ փաստաթղթերի հայցման գրությունն անհրաժեշտ է ուղղել վարչապետի աշխատակազմ։ 
  3. Կառավարության մերժումը. Միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող գնումների կարգը սահմանվում է համապատասխան համաձայնագրով։ Դոնոր կազմակերպությունը կարող է կիրառել տվյալ երկրի օրենսդրությունը կամ սեփական կանոնները, ինչը պետք է հստակ ամրագրված լինի։ Կառավարության և մատակարար կազմակերպության միջև նման կարգավորումներ առկա չէին, այդ պատճառով կառավարությունը պետք է հիմնավորեր, թե ինչ իրավական հիմքով է իրականացվել գնումը և ինչ սկզբունքով է ընտրվել մասնակիցը։ Քանի որ պայմանագիրը պետք է համապատասխանի Համաշխարհային բանկի ուղեցույցներին, գնման գործընթացը պետք է ապահովի թափանցիկություն, մրցակցություն և լավագույն արժեքի ընտրություն։ Այդ պատճառով գնումը չի կարող իրականացվել առանց պատշաճ հիմնավորման, իսկ մրցութային փուլերը պետք է լինեն կազմակերպված և փաստաթղթավորված։ Վարչապետի աշխատակազմից այդ մասով ԻՔՄ-ն ստացել է մերժում։ Աշխատակազմը հղում է արել Համաշխարհային բանկի ուղեցույցներին, համաձայն որոնց՝ հայտերի գնահատման հետ կապված տեղեկատվությունը ենթակա չէ բացահայտման պաշտոնապես չներգրավված անձանց։ 
  4. Մեր անպատասխան հարցերը․ Մերժումներից բացի, ԻՔՄ-ն ունեցել է նաև անպատասխան կամ թերի պատասխաններով հարցեր։ 
  • Արդյո՞ք պայմանագիրը պարտավորեցնում էր մատակարարին համապատասխանեցնել համակարգը օրենսդրական փոփոխություններին, և եթե ոչ՝ ինչո՞ւ այդ ռիսկերը չեն հաշվառվել ու ովքե՞ր են պատասխանատու եղել տեխնիկական առաջադրանքի մշակման համար։
  • Ինչո՞ւ 2024թ. հունվարի 1-ից հետո մատակարարի հետ չեն իրականացվել բանակցություններ կամ դատական հայցեր՝ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։

Այս հարցերին Դատախազությունը արձագանքել է, որ համապատասխան իրավական հիմքերի բացակայության պատճառով որևէ ընթացակարգ չի կիրառվել, միաժամանակ բանակցություններ ևս չեն եղել։ Տեխնիկական առաջադրանքը և պայմանագիրը կազմող մասնագետները չեն նախատեսել այդ ռիսկերը, ինչն առնվազն անհասկանալի է, քանի որ հանրահայտ փաստ է Հայաստանում օրենքները հաճախ են փոփոխվում։ Այդ բացի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ 

  • Պայմանագրի ընդհանուր գնի քանի՞ տոկոսն են կազմում Դատախազության կողմից փաստացի ստացված ապրանքներն ու ծառայությունները, և դրանցից որո՞նք են 2024թ. փոփոխություններից հետո դարձել անօգտագործելի։
  • Ե՞րբ է Դատախազությունը տեղեկացել սպասվող օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք հանգեցրել են նոր մրցույթի անհրաժեշտությանը։

Իսկ այս երկու հարցերն առհասարակ անտեսվել են Դատախազության կողմից։

Այսպիսով, FIP.am-ի ուսումնասիրած փաստաթղթերը, պաշտոնական պատասխաններն ու դատական գործընթացի ընթացքում ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ խնդիրը չի սահմանափակվել միայն տեխնիկական ձախողմամբ։

Նախ՝ պայմանագրի և տեխնիկական առաջադրանքի մշակման փուլում չի նախատեսվել, թե ինչպես պետք է համակարգը հարմարեցվեր օրենսդրական հնարավոր փոփոխություններին։ Դատախազության պատասխաններից հետևում է, որ մատակարարի նկատմամբ այդ հիմքով որևէ իրավական ընթացակարգ չի նախաձեռնվել, իսկ պատասխանատուների վերաբերյալ հանրությանը որևէ տեղեկատվություն չի ներկայացվել։

Երկրորդ՝ շուրջ 1 միլիարդ դրամ արժողությամբ ծրագրի արդյունքում ստեղծված համակարգը չի ապահովել այն նպատակները, որոնց համար ֆինանսավորվել էր։ Ավելին, 2024 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո պահանջվել է ծրագրի լրացուցիչ մշակում, ինչի համար պետությունը 2026 թվականին կնքել է ավելի քան 114 միլիոն դրամ արժողությամբ նոր պայմանագիր։ Սա հարցեր է առաջացնում ծրագրային ապահովման մշակման վրա կատարված շուրջ 513 միլիոն դրամի ներդրման արդյունավետության և նախնական պայմանագրի որակի վերաբերյալ։

Երրորդ՝ պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացը նույնպես չի ապահովել բավարար թափանցիկություն։ Պահանջված փաստաթղթերի մի մասը չի տրամադրվել, որոշ հարցեր մնացել են անպատասխան, իսկ առանձին տեղեկությունների հրապարակումը հնարավոր է դարձել միայն դատական գործընթացի արդյունքում։ Միևնույն ժամանակ, պետական մարմինները չեն ներկայացրել հիմնավորումներ, որոնք ամբողջությամբ կպարզաբանեին, թե ինչու համակարգը չունեցավ նախատեսված արդյունքը, և ինչ պատասխանատվության միջոցներ են կիրառվել այդ կապակցությամբ։

Այս ամենը վկայում է կառավարման և ծրագրի պլանավորման լուրջ խնդիրների մասին։ Դեռևս անպատասխան են մնում մի շարք առանցքային հարցեր՝ ո՞վ էր պատասխանատու տեխնիկական առաջադրանքի մշակման համար, ինչո՞ւ չէին գնահատվել օրենսդրական փոփոխությունների ռիսկերը, ինչու մատակարարի նկատմամբ որևէ իրավական ընթացակարգ չի իրականացվել, և ի վերջո՝ որքան արդյունավետ են ծախսվել համաշխարհային բանկի հատկացրած վարկային միջոցները։

Քանի դեռ այս հարցերը մնում են առանց ամբողջական և փաստարկված պատասխանների, շուրջ 1 միլիարդ դրամ արժողությամբ այս նախագիծը շարունակում է մնալ ոչ միայն տեխնոլոգիական, այլև հանրային հաշվետվողականության խնդիր։

Արեն Նահապետյան

Գլխավոր լուսանկարը գեներացված է ԱԲ-ի միջոցով

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

The post Մեկ միլիարդից ավելի դրամ և չաշխատող համակարգ․ մինչդատական վարույթի թվայնացման ձախողումը appeared first on FIP.AM.

Leave a comment