ԵՄ–ն մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորում կտրամադրի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Եվրոպական միությունը մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորում կտրամադրի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար, Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Ֆոն դեր Լայենը ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի հետ միասին նախօրեին հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, հայտնում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության աջակցմանը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման և տեղական համայնքներին հասցեական օգնության միջոցով:
«Մեր «Խաղաղություն՝ փոխկապակցվածության միջոցով» փաթեթը կօգնի կառուցել խաղաղ և բարգավաճ ապագա Հարավային Կովկասի համար: Միասին մենք կարող ենք թղթի վրա գրված խաղաղությունը վերածել գործնական խաղաղության», — ասել է ֆոն դեր Լայենը:
Եվրահանձնաժողովը նաև հայտնել է, որ ևս 20 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում և Ադրբեջանում տեղական համայնքների աջակցության ծրագրին, ներառյալ ներդրումները առողջապահության, ականազերծման, հմտությունների զարգացման և տեղական բիզնեսի ոլորտներում: