Ինչպես հաղորդում է Ազերթաջը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ Իլհամ Ալիեւը, մասնավորապես, ասել է.
«Իհարկե, մանրամասն քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության հարցերը, հատկապես՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հաջողությամբ առաջ է ընթանում։
Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նախագահ Թրամփը եւս ստորագրեց այն՝ որպես վկա: Բացի այդ, Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագրի տեքստը։ Այսպիսով, փաստացի խաղաղություն է հաստատված, եւ մենք տեսնում ենք դրա առավելությունները։
Մենք ձեռնարկել ենք բազմաթիվ միակողմանի քայլեր՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, որ այն կարելի է զգալ առօրյա կյանքում։ Ադրբեջանը վերացրել է Հայաստան տարանցիկ ապրանքների փոխադրման բոլոր սահմանափակումները։ Այդ սահմանափակումները սահմանվել էին կապված Հայաստանի կողմից մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիայի հետեւանքով։ Մենք նաեւ սկսել ենք Հայաստանին մատակարարել կենսական նշանակության վառելիք ։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում սա ավելի մեծ նշանակություն ունի, քան երբեւէ։
Այսպիսով, մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունն արդեն զգալի, շոշափելի բան է, եւ մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Մենք 30 տարի ապրել ենք օկուպացիայի պայմաններում եւ սեփական ուժերով վերականգնել ենք մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ ինչպես ռազմական ճանապարհով, այնպես էլ քաղաքական միջոցներով։ Եվ մենք խաղաղություն ենք առաջարկել Հայաստանին։ Այսպիսով, այժմ խաղաղությունը իրողություն է, սակայն մենք պետք է քրտնաջան աշխատենք՝ այն ամրապնդելու, երկարաժամկետ, հավերժական դարձնելու համար, եւ, իհարկե, բարձր ենք գնահատում Եվրահանձնաժողովի աջակցությունը։
Տիկին նախագահը ինձ տեղեկացրեց, որ Եվրահանձնաժողովը կարող է եւ ցանկանում է շատ էական օգնություն ցուցաբերել։ Եվ մենք գնահատում ենք ցանկացած օգնություն եւ աջակցություն այս ուղղությամբ։ Կարծում եմ, որ սա կուժեղացնի դինամիկան տարածաշրջանում, ինչը թույլ կտա Հարավային Կովկասին դառնալ որեւէ տարածքային հավակնություններից եւ հակամարտություններից զերծ տարածաշրջան՝ գործընկերության, համագործակցության եւ խաղաղության տարածք»։
Ալիեւ. Հայաստանի հետ խաղաղությունն արդեն շոշափելի բան է
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ առաջ է ընթանում։