Ավարտվում է «Սասունցիներ» որմնանկարի ամրակայումն ու մաքրումը

Երեւան: Մեդիամաքս: Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանն ընթանում են Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի ամրակայումն ու մաքրումը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ անվանի գեղանկարչի որմնանկարի վերականգնման աշխատանքները նախաձեռնվել են նրա ծննդյան 100-ամյակին ընդառաջ: 
Ամրակայման եւ մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին, հաղորդել են նախարարությունից:
Մեդիամաքսը Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ»-ի ոչ բարվոք վիճակի մասին գրել էր դեռեւս 2017 թվականին:
Այն ժամանակ նկարչի դուստր Զարուհի Մուրադյանը պատմել էր.
«Մոտ 20 տարի չէի տեսել նկարը, ու երբ նորից գնացի գյուղ եւ տեսա այն, հուզվեցի այդ նկարի վեհությունից՝ մեծ, տպավորիչ ու շատ ազդեցիկ որմնանկար է: 
Նայեցի, տեսա, որ վերանորոգման կարիք կա, ծանոթացա գյուղապետի հետ, հետո էլ նամակով դիմեցինք Մշակույթի նախարարություն։ Գրեցի, որ որմնանկարը ողբերգական վիճակում չէ, բայց վերանորոգման կարիք ունի։ Ինձ կանչեցին նախարարություն ու ասացին՝ անգամ տեղյակ չեն, որ այսպիսի աշխատանք կա։ Նախարարությունում ինձ հայտնեցին, որ մի քանի քայլ կա մինչեւ վերականգնման հարցին հասնելը»։
 
Մոտ մեկ տարի տեւած աշխատանքներից հետո ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը 2016թ․ հոկտեմբերի 12-ի նիստում որմնանկարին տվել էր հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Բայց դրանից հետո որմնանկարի հետ կապված աշխատանքները կանգ էին առել։

Leave a comment