Փոփոխություններ և լրացումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում

Առաջարկվում է հաջորդ գումարման Ազգային ժողովի բացման օրվանից հետո ստեղծել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:

 

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Մանրամասն ներկայացնելով Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը և կազմավորմանը վերաբերող հիմնական կարգավորումները՝ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտից հետո նշանակվում է հանձնաժողովի նոր նախագահ և նախագահի նոր տեղակալ: Խմբակցություններն իրավունք ունեն իրականացնելու իրենց կողմից նշանակված հանձնաժողովի անդամների ռոտացիա:

 

Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ սա նաև իրենց քաղաքական ուժի հանձնառությունն է՝ անել ամեն բան, որպեսզի Ազգային ժողովի գործունեությունը ծավալվի էթիկայի կանոնների շրջանակում:

 

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:

 

Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանն ընդգծել է նախագծի ընդունման և հանձնաժողովի գործունեության կարևորությունը:

 

Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:

 

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Leave a comment