ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացիներին արտաքսել է Կենտրոնական Աֆրիկա

ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այս պահը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել  այս թեմայով «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանը։

Բանն այն է, որ ԱՄՆ իշխանությունները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել 3–րդ երկրի մոտ 20 քաղաքացիների։ Դատարանի որոշումների պատճառով նրանց թույլ չեն տվել ուղարկել իրենց հայրենիք, սակայն ԱՄՆ իշխանությունները ելք են գտել սահմանափակումները շրջանցելու համար՝ նրանց ուղարկելով 3-րդ երկիր։

Այն մասին, որ արտաքսվածների մեջ ՀՀ քաղաքացի (քաղաքացիներ) կա, գրել է AP գործակալությունը ՝ վկայակոչելով իրանա-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի (IALDF) գործադիր տնօրեն Ալի Ռահնամին:

Ավելի ուշ ԱՄՆ պաշտոնյան CBS-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը` անանուն մնալու պայմանով։ Նա նշել է, որ արտաքսվածների թվում կան նաև միգրանտներ Հայաստանից և Իրաքից։

Արտաքսվածների ցուցակում ՀՀ քաղաքացու (քաղաքացիների) առկայության մասին տեղեկությունը հաստատում է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։

Հետաքրքրական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինքն է խորհուրդ տալիս իր քաղաքացիներին չմեկնել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն՝ «անկարգությունների, հանցագործությունների, առևանգումների, ահաբեկչության ռիսկերի» պատճառով։

 «Սպուտնիկ Արմենիա»-ն հետևել է արտաքսվածներին Բանգի (Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք) տեղափոխող չվերթին, որը մինչև Բանգի հասնելը կանգառ է կատարել Գանայում։ Երբ չվերթը հասել է Բանգի, լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ տեղեկության հաստատման համար։

Չնայած հարցումից ավելի քան երկու շաբաթ է անցել, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի արձագանքել ։

Հիշեցնենք` այս տարվա մայիսին ԱՄՆ-ից Հայաստան արտաքսվածներ տեղափոխող չվերթ էր իրականացվել։

Leave a comment