Meta-ն սահմանափակել է Ray-Ban Meta խելացի ակնոցի Conversation Focus գործառույթի անվճար օգտագործումը։ Այժմ այն անվճար հասանելի կլինի ամսական ընդամենը երեք ժամ ամսական, իսկ լրացուցիչ օգտագործման համար անհրաժեշտ կլինի Meta One Premium բաժանորդագրությունը, որի արժեքը կազմում է ամսական 19.99 դոլար։ Փոփոխությունն անակնկալ է եղել այն օգտատերերի համար, ովքեր արդեն գնել էին ակնոցը, քանի որ նախկինում այս գործառույթն աշխատում էր առանց որևէ սահմանափակման։
Conversation Focus-ը օգտագործում է ուղղորդվող միկրոֆոններ (beamforming) և տվյալների տեղային մշակում հենց սարքի վրա՝ աղմկոտ միջավայրում զրուցակցի ձայնն ուժեղացնելու համար, օրինակ՝ ռեստորանում կամ աշխատանքային հանդիպման ընթացքում։ Meta-ն սահմանափակումների մասին հայտարարել է առանց մեծ հրապարակայնության՝ օգնության բաժնում հրապարակված հոդվածի միջոցով՝ դրանք անվանելով «արագության սահմանափակումներ» (rate limits), ոչ թե վճարային պատ (paywall)։
Միևնույն ժամանակ, ընկերության սահմանած ամսական անվճար սահմանաչափն ակնհայտորեն բավարար չէ ակտիվ օգտագործման համար։ Երեք ժամը, եթե հավասարաչափ բաշխվի ամբողջ ամսվա ընթացքում, օրական կազմում է մոտ վեց րոպե։ Ընդամենը մեկ աղմկոտ ընթրիքը կամ երկարատև խորհրդակցությունը կարող է սպառել ամսական անվճար ժամաքանակի զգալի մասը։
Meta One Premium բաժանորդագրությունը բարձրացնում է սահմանաչափը մինչև ամսական 15 ժամ (մոտ 30 րոպե օրական), սակայն չօգտագործված րոպեները չեն փոխանցվում հաջորդ ամիս։
Հատկանշական է, որ The Verge-ը փորձարկել է Conversation Focus-ը՝ անջատելով բջջային ինտերնետը, և պարզել է, որ գործառույթը շարունակում է աշխատել։ Սա նշանակում է, որ այն ամբողջությամբ մշակվում է հենց ակնոցի վրա և չի օգտագործում Meta-ի սերվերները։ Այսպիսով, ընկերությունը սահմանափակում է կիրառել մի գործառույթի նկատմամբ, որն աշխատում է ամբողջությամբ տեղային մակարդակում։
Օգտատերերի դժգոհությունը միանգամայն կանխատեսելի է։ Գործառույթը ներկայացվել էր որպես արտադրանքի բաղկացուցիչ մաս գնման պահին և աշխատում էր առանց սահմանափակումների։ Այժմ ակնոցների սեփականատերերը փաստացի ստիպված են վճարել այն հնարավորության համար, որն արդեն իրենցն էին համարում։
Ավելի վաղ Meta-ն ներկայացրել էր նաև Glasses անվանումով ավելի մատչելի խելացի ակնոցների շարքը, որը ստեղծվել է ընկերության սեփական բրենդի ներքո՝ առանց Ray-Ban-ի և Oakley-ի հետ համագործակցության։ Նոր մոդելի արժեքը կազմում է 300 դոլար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։