Մենք համակարգված կերպով կչեզոքացնենք խնդիրները, որպեսզի զարգացնենք Եվրամիության հետ հարաբերությունները։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Անկարայում Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ջինբեկ Կուլուբաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Թուրքիայի բոլոր պետական մարմինները, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ, համակարգված կերպով աշխատում են Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։
Նա նշել է, որ Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը ռազմավարական նպատակ է։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան շարունակում է աշխատել ինչպես լիիրավ անդամակցության գործընթացի, այնպես էլ առկա համագործակցության մեխանիզմների հետագա առաջխաղացման ուղղությամբ։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի երկկողմ քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններում ԵՄ անդամ պետությունների մեծ մասի հետ լուրջ խնդիրներ չկան։