Ներկայացնում ենք Nature Astronomy ամսագրում հրապարակված The Universe as a lens for finding meaning at home հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մեյ Չիաո
STARMUS-ը աննախադեպ փառատոն է: Դրա համահիմնադիրները՝ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը եւ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, մտորում են տիեզերքում իրենց ճամփորդության եւ երկիր վերադառնալու մասին:
Մշակութային փառատոնի մեկնարկը թույլ նյարդեր ունեցող մարդկանց համար չէ. միայն 2024 թվականին չեղարկվել է 173 համաշխարհային երաժշտական փառատոն, 64%-ը չեն կարողացել շահույթ ստանալ, թեեւ մի քանիսի բոլոր տոմսերը վաճառվել են: Հիմա պատկերացրեք երաժշտական եւ գիտական համակցված փառատոնի մեկնարկը: Հենց այսպիսի երազանք են ունեցել աստղաֆիզիկոսներ Գարիկ Իսրայելյանը եւ Բրայան Մեյը դեռ 2011 թվականին:
Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակի կապակցությամբ նրանք հրավիրել էին «Ապոլլո»-ի տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգին, Բազ Օլդրինին, Ջիմ Լովելին, Բիլ Անդերսին եւ Չարլի Դյուքին, ինչպես նաեւ խորհրդային դարաշրջանի տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովին եւ Վիկտոր Գորբատկոյին: Բոլորը ներկայացել էին՝ Նոբելյան մրցանակակիրների եւ գիտության այլ ռահվիրաների ու մտածողների հետ միասին:
Տասնհինգ տարի անց համահիմնադիրները ծրագրում են STARMUS VIII-ը. վերադառնալ Թեներիֆե եւ մեկնարկել նոր մրցանակ՝ Ջեյն Գուդոլի անվան Երկրի մեդալ, որը պատվելու է նրանց, ովքեր փորձում են մարդկանց, կենդանիների եւ շրջակա միջավայրի համար ավելի լավ աշխարհ ստեղծել։ Այն կշնորհվի տասը տարի առաջ հիմնված Սթիվեն Հոքինգի անվան գիտական հաղորդակցության մեդալի հետ միասին։ Մրցանակակիրների թվում են Քրիսթոֆեր Նոլանը, Բրայան Ինոն եւ Հանս Ցիմերը։
Իսրայելյանը եւ Մեյը վերհիշում են STARMUS-ի վաղ շրջանը եւ կիսվում են իրենց հավակնոտ ծրագրերով՝ անորոշ ապագայի պայմաններում։
– STARMUS-ը միավորում է գիտությունն ու արվեստը ամենաբարձր մակարդակով։ Արդյո՞ք դա է միշտ եղել գաղափարի հիմնական տարրը։
Բրայան Մեյ. Այո՛։ Գիտությունն ու արվեստը ես միշտ համարել եմ նույն երեւույթի տարբեր կողմերը։ Լավագույն գիտությունը ոգեշնչվում է արվեստից, իսկ լավագույն արվեստը՝ տիեզերքի մասին գիտելիքի զգացումով։ Սակայն մեր առաքելությունն է գիտությունն ու արվեստը հասանելի դարձնել, միավորել մտածող մարդկանց՝ լուծելու այն խնդիրները, որոնք այլ կերպ լուծելի չեն։
– Ձեզ զգուշացրել էին (այդ թվում երաժիշտ Փիթեր Գաբրիելը), որ փառատոն չկամակերպեք։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։
Գարիկ Իսրայելյան. Փիթերը մեզ զգուշացրեց՝ WOMAD (World of Music, Arts and Dance/Երաժշտության, արվեստի եւ պարի աշխարհ) փառատոնի հետ սեփական փորձից ելնելով։ Սկզբում այն ֆինանսապես ձախողվեց։ Փիթերի համար դա աղետ էր, գումարը վերադարձնելու համար նա ստիպված շրջագայության մեկնեց նախկին Genesis խմբի հետ։ Այդ պատճառով նա թերահավատ էր, եւ մյուսներն էլ էին անվստահ։ Ասում էին՝ կա՛մ գիտության փառատոն կազմակերպեք, կա՛մ երաժշտական, մի՛ խառնեք այդ բաները։ Հատկապես, եթե ուզում եք շատ բարձր մակարդակի կազմակերպել այն՝ Նոբելյան մրցանակակիրներով, տիեզերագնացներով, եւ միեւնույն ժամանակ շատ հավակնոտ լինել երաժշտական առումով։
– Իսկ ի՞նչ տեղի ունեցավ իրականում առաջին STARMUS փառատոնի ժամանակ։
Գարիկ Իսրայելյան. Առաջին փառատոնը լիակատար ֆինանսական ձախողում էր։ Մենք կորցրինք ողջ ներդրած գումարը։ Հովանավորներ չկային, իսկ մենք վաճառել էինք ընդամենը մոտ 60 տոմս, մյուս 140 մասնակիցները իմ ինստիտուտից եւ համալսարանից էին։ Մարդիկ չէին հավատում, որ Նիլ Արմսթրոնգը, Ջիմ Լովելը եւ մյուսները իրոք գալու են։ Կարծում էին՝ կատակ է։ Հետո, երբ նրանք իրականում եկան, հանրությունն ու քաղաքական գործիչները ցնցված էին։ Փառատոնն ինքնին մեծ հաջողություն էր՝ ապշեցուցիչ, ցնցող, բայց ֆինանսապես այն ձախողվեց։ Մեզ մոտ երկու տարի պահանջվեց դա մարսելու եւ հաջորդից առաջ վերականգնվելու համար։
– Ինչո՞ւ այդ առաջին փառատոնը այդքան ուժեղ տպավորություն թողեց։
Գարիկ Իսրայելյան. Առաջին փառատոնը հիմնականում տիեզերքի եւ աստղագիտության թեմայով էր, քանի որ նվիրված էր Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին։ Ռուս տիեզերագնացները հրապարակային հայտարարություններ արեցին՝ ասելով, որ STARMUS-ը ավելի լավ է հարգանքի տուրք մատուցում Գագարինին, քան ռուսական պետությունը։ «Ապոլլո»-ի շատ տիեզերագնացներ մերժեցին Կրեմլի հրավերը, բայց բոլորը եկան STARMUS, որի մասին ոչ ոք չգիտեր։
Նիլ Արմսթրոնգը բացատրեց, որ իրենք եկել են, քանի որ STARMUS-ին չէին աջակցում Coca-Cola-ի նման ընկերությունները, դրա հետեւում առեւտրային հովանավորներ եւ քաղաքականություն չկար։ Նրանք տեսան, որ դա իսկապես գիտական փառատոն է։ Չափազանց հուզիչ էր տեսնել ռուս եւ ամերիկացի տիեզերագնացների գրկախառնությունները։ Քաղաքականությունը կառավարության մակարդակն է. իրենց հարաբերությունները բացառապես տիեզերքի մասին էին։
– Ե՞րբ կառավարությունները սկսեցին լուրջ վերաբերվել STARMUS-ին։
Գարիկ Իսրայելյան. Երկրորդ փառատոնում կառավարությունը ներդրեց մի քանի հարյուր հազար եվրո, եւ կառավարության ու հասարակայնության հետ կապերի գործակալությունների տվյալներով՝ ազդեցությունը կազմեց 171 միլիոն եվրո։ Այդ փաստը հայտնվեց Իսպանիայի ԶԼՄ-ների վերնագրերում։ Փառատոնի ընդհանուր բյուջեն մեկ միլիոն եվրոյից պակաս էր, իսկ ազդեցությունը՝ 171 միլիոն եվրո։ Քաղաքական գործիչները սկսեցին հարցնել, թե ինչպես էր դա հնարավոր։
– Հիմա, երբ գրավել եք նրանց ուշադրությունը, կարծում եք՝ STARMUS-ը կարո՞ղ է ազդել քաղաքականության վրա։
Բրայան Մեյ. Կարծում եմ՝ մենք կարող ենք միայն ազդել հանրային կրթության եւ կարծիքի վրա, իսկ հանրությունը կճնշի առաջնորդներին, որ խելամիտ քաղաքականություն վարեն։ Ես անընդհատ փորձում եմ ուղղակիորեն ազդել քաղաքական գործիչների վրա՝ վայրի կենդանիների համար լոբբինգ անելիս, եւ դա շատ դժվար գործ է։ Այդ մարդկանցից շատերը իրենց աշխատանքը կատարելու համար կրթված չեն, եւ կան խորապես արմատացած քաղաքականություններ եւ անձնական շահեր։ Խոսքը գնում է հանրությանը եւ հատկապես երիտասարդներին կրթելու մասին՝ նրանց հնարավորություն տալով զտել տեղեկատվությունը, որպեսզի կարողանան տարբերել ճիշտն ու սխալը։
– Ինչպե՞ս STARMUS-ը ընդլայնեց իր գործունեությունը տիեզերական գիտությունից անդին՝ ավելի լայն լսարան ներգրավելու համար
Գարիկ Իսրայելյան. Առաջին փառատոնից հետո Սթիվեն Հոքինգը լսեց մեր մասին Քիփ Թորնից։
Երբ Բրայանը հրավիրեց Սթիվենին Լոնդոնում «We Will Rock You»-ն դիտելու, նա անմիջապես համաձայնվեց։ Իսկ հետո, երբ STARMUS-ի մասին խոսեցին շոուից հետո, Սթիվենն ասաց, որ ուրախությամբ կմասնակցի հաջորդ փառատոնին։ Երբ որպես հիմնական բանախոս հայտարարեցինք Սթիվեն Հոքինգին, մարդիկ չհավատացին. սկզբում՝ Նիլ Արմսթրոնգը, հիմա էլ Սթիվեն Հոքինգը։ Սթիվենը հիանալի դասախոսություններ կարդաց եւ համաձայնեց միանալ Խորհրդատվական ատյանին։ Ես շատ ժամանակ անցկացրի նրա հետ Թեներիֆե կատարած այցելությունների ժամանակ։ Այդ փորձը համոզեց ինձ հաջորդ փառատոնը նվիրել նրան։
– Եվ դա փոխե՞ց STARMUS-ի ուղղությունը։
Գարիկ Իսրայելյան. Այո՛։ Այդ փառատոնը մեծ պայթյուն էր՝ բազում Նոբելյան մրցանակակիրներ, գիտնականներ ու երաժիշտներ։ Դրանից հետո STARMUS-ը իսկապես հեղինակություն ձեռք բերեց։ Մենք գնացինք Նորվեգիա, ապա Շվեյցարիա, եւ սկսեցինք միջազգային մակարդակով աճել։
Մենք Բրայանի հետ է՛լ ավելի համոզվեցինք, որ պետք է ավելի շատ ժամանակ նվիրենք Երկրին՝ գլոբալ խնդիրներին, կլիմայի փոփոխությանը եւ այլն։
– Այդ ժամանա՞կ էր, որ ներգրավվեց Ջեյն Գուդոլը։
Գարիկ Իսրայելյան. 2022 թվականին Ջեյն Գուդոլին շնորհեցինք STARMUS-ի Հոքինգի անվան մեդալը՝ գիտական հաղորդակցության համար, եւ հրավիրեցինք նրան միանալ Խորհրդատվական ատյանին։ Երբ Ջեյնը միացավ, մենք 100%-ով համոզված էինք, որ պետք է ինչ-որ բան անենք Երկրի համար։ Այդ ուղղությունն ամրապնդվեց, երբ հաջորդ Սթիվեն Հոքինգի մեդալը շնորհեցինք Դեյվիդ Աթենբորոյին՝ այս մոլորակի վրա կյանքի համար պայքարող ամենահզոր ձայներից մեկին։ Նրա ներկայությունն իսկապես փոխեց մեր մտածողությունը։
Եթե արդեն գիտենք՝ ինչպես միավորել արվեստն ու գիտությունը, ապա պետք է դա կիրառենք՝ համաշխարհային խնդիրներին ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համար։ Արդյունքում երկրագնդին նվիրված փառատոների եւ Հոքինգի մեդալի հետ մեկտեղ ստեղծվեց Ջեյն Գուդոլի մեդալը՝ կենսաբազմազանության, օվկիանոսների, կենդանիների պաշտպանության եւ մարդկային արժեքների ոլորտում աշխատանքը գնահատելու համար։
– Դուք ուսումնասիրել եք տիեզերքը եւ հիմա վերադառնում եք Երկիր՝ նոր Ջեյն Գուդոլի մեդալով, որն առաջին անգամ կշնորհվի հոկտեմբերին։ Ո՞րն է հաջորդը։
Բրայան Մեյ. Դե, որոշ իմաստով, սա է հաջորդը։ Սա նոր ուղի է, որը պետք է անցնենք, բայց որոշ իմաստով ես միշտ էլ այդ ճանապարհին եմ եղել։ Նույնիսկ երբ սկսեցի աշխատել STARMUS-ի վրա Գարիկի հետ, իմ հիմնական նպատակը՝ ժամանակս հատկացնելու առումով, եղել է վայրի կենդանիներին ներկայացնելը։
Արդեն երկար տարիներ ունեմ «Փրկիր ինձ» հիմնադրամը, եւ դա է մեր առաջնահերթությունը, երբ լոբբինգ ենք անում կառավարության հետ, երբ խոսում ենք հանրության հետ եւ երբ փրկում ենք կենդանիներին իրենց բնական միջավայրում։ Այսպիսով, կենդանիների եւ շրջակա միջավայրի վրա այս շեշտադրումը նորույթ չէ ինձ համար։ Բայց Ջեյնը կարողացավ բացել այդ դուռը՝ STARMUS-ի շեշտադրումն ավելի հստակ տեղափոխել կենդանիների եւ շրջակա միջավայրի վրա։ Եվ ես չափազանց ուրախ եմ։ Դա ինձ ճիշտ է թվում։
– Ի՞նչն է ձեզ ոգեշնչում շարունակելու՝ հաշվի առնելով, թե որքան դժվար է այս աշխատանքը։
Գարիկ Իսրայելյան. Կարծում եմ, որ բոլոր գիտնականները պետք է իրենց ժամանակի մի մասը հատկացնեն գիտական հաղորդակցությանը: Ինքներդ որոշեք, թե ինչպես՝ գրելով, հրապարակային ելույթներով, կրթելով, բայց պետք է մի բան անեք՝ գիտությունը հասարակությանը հասցնելու համար:
Ես հասկացա, որ ունեմ դա անելու կարողություն: Հազարավոր երիտասարդներ ինձ պատմել են, որ STARMUS-ի շնորհիվ ընտրել են ֆիզիկան, կենսաբանությունը կամ տիեզերական գիտությունը: Մինչդեռ գիտական պատկերացում չունեցող մարդիկ փորձում են ազդել որոշումների եւ պատումների վրա կլիմայի եւ այլ ոլորտներում, օրինակ՝ ԱԲ-ի: Ահա թե ինչու է այդքան կարեւոր բացատրել, թե իրականում ինչ է գիտությունը եւ ինչպես է հաստատվում գիտական ճշմարտությունը:
– Կարո՞ղ եք մեզ պատմել առաջիկա STARMUS VIII-ի թեմայի մասին:
Բրայան Մեյ. Գիտությունն այս պահին սպառնալիքի տակ է: Ճշմարտությունն էլ է սպառնալիքի տակ: Եվ շատ շուտով մեզ համար շատ դժվար կլինի իմանալ, թե որն է ճշմարտությունը: Սա է STARMUS-ի հաջորդ թեման՝ ճշմարտության որոնումը: Ինչպե՞ս ենք որոշում, թե ինչ է ճշմարտությունը: Ինչպե՞ս ենք այն գտնում: Ինչպե՞ս ենք խոսում դրա մասին:
Բավարար չէ լինել երաժշտություն կամ կերպարվեստ ստեղծող արվեստագետ կամ գիտնական, որը հրաշալի բաներ է հայտնաբերում։ Մենք պետք է լինենք լիարժեք մարդիկ, ինչը նշանակում է, որ պետք է հոգ տանենք բոլոր մարդկանց եւ ոչ մարդկանց մասին, հարգանքով եւ արժանապատվությամբ վերաբերվենք Երկրի յուրաքանչյուր արարածին։ Այդպիսով կփրկենք մոլորակը։ Պետք է չափազանց անշահախնդիր լինենք եւ շատ խտրաբարո այն հարցում, թե ինչ է ճշմարտությունը եւ ինչպես ենք բարձրաձայնում մեր ճշմարտությունը՝ շարժվելով դեպի ապագա։
– Ինչպիսի՞ն եք տեսնում STARMUS-ը ապագայում։
Գարիկ Իսրայելյան. STARMUS-ը շատ ավելի մեծ երեւույթ դարձավ, քան մենք երբեւէ պատկերացնում էինք։ Տարիների ընթացքում Սթիվեն Հոքինգի անվան մեդալը դարձավ գիտական հաղորդակցության «Օսկար» եւ պատվեց նրանց, ովքեր ամենաբարձր մակարդակով գիտելիք եւ ոգեշնչում են պարգեւում հասարակությանը։
Ջեյն Գուդոլի անվան Երկրի մեդալով հույս ունենք կառուցել երկրորդ սյունը, որը հիմքում է Երկրի վրա կյանքը, բնությունն ու պատասխանատվությունը։ Միեւնույն ժամանակ մենք մտնում ենք շատ բարդ ժամանակահատված։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ապատեղեկատվությունը հեշտությամբ է տարածվում, որտեղ կեղծ գիտությունը հասանելի է միլիոնավոր մարդկանց հզոր մեդիա գործիքների միջոցով եւ գնալով ավելի դժվար է դառնում տարբերել ճշմարտությունը աղմուկից:
Ահա թե ինչու STARMUS-ը պարզապես փառատոն չէ: Այն հարթակ է գիտությունը պաշտպանելու, քննադատական մտածողությունը խթանելու եւ հեղինակավոր ու պատասխանատվությամբ խոսող ձայները միավորելու համար: Մենք հասկանում ենք, որ դրան հնարավոր չէ հասնել միայնակ: Եթե ուզում ենք պաշտպանել գիտությունը, ճշմարտությունը եւ կյանքը Երկրի վրա, մեզ անհրաժեշտ են հզոր գործընկերներ (հաստատություններ, լրատվամիջոցներ, կրթողներ), որոնք պատրաստ են լրջորեն զբաղվել սրանով: Հույս ունենք, որ STARMUS-ը կօգնի առաջնորդել այս շարժումը, եւ մյուսները կմիանան՝ ձեւավորելու այնպիսի ապագա, որտեղ գիտելիքը, ճշմարտությունը եւ պատասխանատվությունը դեռեւս կարեւոր են:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: