Իրանի իշխանությունները փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների օրերին հրաման են տվել ներում շնորհել առնվազն 850 բանտարկյալի, որոնք կատարել են մանր հանցագործություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Դրամական փոխհատուցումների վճարման ժողովրդական շտաբի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սեյեդ Ասադոլլա Ջուլային:
«Չկանխամտածված հանցագործությունների համար դատապարտված 850 բանտարկյալի ազատ արձակմանն աջակցելու համար կիրակի օրը պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հատուկ նիստում քննարկվել են բոլոր 31 նահանգներից ստացված գործերը: Արդյունքում ընդունվել է որոշում 520 անձանց ազատ արձակելու մասին, որոնք բանտարկված են ֆինանսական պարտավորությունների հարցերով, ինչպես նաև 330 դատապարտյալի՝ այլ գործերով, որոնք կապված են ամուսնական պայմանագրերի և ալիմենտների վճարման հետ», – մեջբերել է նրա խոսքը Tasnim գործակալությունը:
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողությունները Թեհրանում կսկսվեն հուլիսի 3-ից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սգո միջոցառմանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք կժամանեն առնվազն 30 երկրից: Հուլիսի 4-ից 5-ն Ալի Խամենեիի դին կգտնվի Թեհրանի Մոսալլայում (խոշորագույն կրոնական-հասարակական համալիր Թեհրանում), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ զոհված առաջնորդին: Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում սգո թափորը կանցնի հիմնական փողոցներով, ինչից հետո նրա դին կտարվի Իրանի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ, որտեղ սգո արարողություններ տեղի կունենան հուլիսի 7-ին: Խամենեիի հուղարկավորությունը նշանակված է հուլիսի 9-ին նրա հայրենի Մաշհադ քաղաքում: