Փաշինյան. «Այսօր Հայաստանում արդարությունը հասանելի է էլիտաներին»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում «արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին»:

«Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման  համար բոլոր  հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են կառավարության առաջ, լուծել ենք։ Եվ լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ բացատրելով, որ մենք բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն։ 
Իսկ այսօր, կներեք, իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, նրանք ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այդ պրոբլեմին պետք է  անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ»,- ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի  խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է.
«Կա ընդհանուր ընկալում, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում։ Բայց սա թյուրըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման համակարգն իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան»։ 

Leave a comment