Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում մեկնարկած 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը։

Դահուկորդ Կատյա Գալստյանն անհաջող հանդես եկավ 20 կմ (10+10) սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում։ Առաջին 10 կմ-ն հաղթահարելուց հետո Գալստյանը չկարողացավ հատել եզրագիծը։

Օլիմպիական չեմպիոն դարձավ շվեդ Ֆրիդա Կարլսոնը, որին հաջորդեց նրա հայրենակից Էբա Անդերսոնը։ Բրոնզե մեդալակիր դարձավ նորվեգացի Հեյդի Վենգը։

Փետրվարի 12-ին Կատյա Գալստյանը հանդես կգա նաև 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում։ 33-ամյա դահուկորդը չորրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին։ Նախորդ 3 մասնակցությունները եղել են 2014, 2018 և 2022 թվականներին։

Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի ևս 4 ներկայացուցիչ՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։

Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին: Սպորտային զույգերի ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին:

Leave a comment