Ռազմամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները կմիավորվեն
Ռազմամթերքի արտադրությամբ զբաղվող «Գառնի-Լեռ» եւ «Պատնեշ» ընկերությունները կմիավորվեն։ Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնականում կայանում է հետեւյալում` ՝«Պատնեշ» ընկերությունը տարիներ շարունակ գրանցել է ու շարունակում է գրանցել բացասական ֆինանսական արդյունք։ Այն պայմանավորված է հանգամանքով, որ ընկերության տնտեսական գործունեությունն ուղղակի կախում ունի ռազմարդյունաբերության ոլորտում հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերի մասով պետական պատվերի ձևավորման, գների սահմանման եւ համապատասխան պատվիրատուի հետ պայմանագրերի կնքման ու վերանորոգման նպատակով համակարգերի մատակարարման ժամկետների հետ: Ավելին՝ ընկերությունը տարիներ շարունակ պետական պատվիրատուի համար համակարգերը մեծամասամբ վերանորոգել է համաձայնեցված գնահաշվարկներից ցածր գներով՝ առանց շահույթի հաշվառման։ Արդյունքում՝ կուտակել է 242 միլիոն 100․000 դրամի պարտք։
Վերակազմավորման արդյունքում պետությունը հնարավորություն կստանա մարել ընկերության բոլոր պարտավորությունները՝ «Գառնի-Լեռ»-ի այս տարի ստացվելիք հավելյալ եկամուտների հաշվին։ Իսկ «Պատնեշ» ՓԲ ընկերության ակտիվները նախատեսվում է օգտագործել ՊՆ հաշվեկշռում առկա հակաօդային պաշտպանության եւ ռադիոլոկացիոն համակարգերի տեղակայման ու սպասարկման նպատակով:
Ըստ հիմնավորման՝ այդ ենթակառուցվածքները լավագույնս համապատասխանեցված են ՀՕՊ միջոցների վերանորոգման եւ սպասարկման համար եւ հաշվի առնելով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ միջոցների արդիականացումը՝ առկա ենթակառուցվածքները անհրաժեշտ են նաեւ նոր միջոցների սպասարկման համար։ Միավորումը թույլ կտա արդյունավետորեն շարունակել օգտագործել երկու ընկերությունների ակտիվներն ու հիմնական միջոցները՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման եւ սպասարկման համար: Ի դեպ, երկու ընկերություններում ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։