Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել

Քաղաքականություն

01.07.2026 | 12:20

Ռուսական զորքերը հուլիսի լույս 1-ի գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, X-59 հրթիռ և 151 հարվածային  անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Ուկրաինական ուժերը խոցել են X-59 հրթիռ և 130 անօդաչու թռչող սարք, որոնցից 17-ը հասել են իրենց թիրախներին։

Դնեպրոպետրովսկի մարզ

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով մեկ կին է զոհվել, երեք վիրավոր կա: Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ այրվել է հինգ բենզալցակայան: Սինելնիկովսկի շրջանում վնասվել են բիզնեսներ, համայնքային կենտրոն, վարչական շենք, հուշարձան, գիմնազիայի շենք և խանութներ:

Խերսոնի մարզ

Հուլիսի 1-ի առավոտյան ռուսական զորքերը Խերսոնում միկրոավտոբուսի են հարվածել:

«Թշնամու անօդաչու թռչող սարքի օպերատորը տեսել է, որ իր առջև գտնվող մեքենան քաղաքացիական է, մարդիկ գնում էին իրենց գործերով: Սակայն այդ ահաբեկիչը միտումնավոր որոշել է հարվածել: Այս ցինիկ ահաբեկչական գործողությունը խլել է երկու մարդու կյանք»,- ասել է Խերսոնի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը:

Վեց վիրավորներ, այդ թվում՝ մեկ բուժքույր, տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներն ականապայթյունային վնասվածքներ են ստացել։

Նիկոլաևի մարզ

Սնիգիրևկայում սուպերմարկետ է այրվել հարձակումից հետո։ Հրդեհը տարածվել է 5,000 քառակուսի մետր տարածքի վրա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության  տվյալներով՝ տուժածներ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment