Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում

Քաղաքականություն

30.06.2026 | 19:43

Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում։ Այս դրույթն ամրագրված է «Տեղեկատվության, տեղեկատվականացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններով։ Օրենսդրական փոփոխությունը հաստատվել է երրորդ ընթերցմամբ Միլլի Մեջլիսի նիստում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օրինագծում սահմանվում է, որ նոր կանոններին ենթակա սոցիալական հարթակների ցանկը կհաստատվի լիազորված պետական ​​մարմնի կողմից: Հարթակում գրանցվելիս մատակարարը պետք է ապահովի տարիքային սահմանափակումների պահպանումը: Դրա համար օգտատերը պետք է նշի իր տարիքը, և ծառայությունը պարտավոր է ստուգել այդ տեղեկատվությունը:

Տարիքի ստուգումը կարող է իրականացվել մի քանի եղանակով՝ էլեկտրոնային փոստով և բջջային հեռախոսով հարցում ուղարկելով կամ բանկային քարտից փորձնական գանձում կատարելով՝ ամբողջական գումարի վերադարձով։ Եթե 16-ից 18 տարեկան անչափահասը գրանցվի, նա և նրա օրինական ներկայացուցիչը կստանան ծանուցում։

Ծառայություններ մատուցողները պարտավոր են պարբերաբար վերլուծել օգտատիրոջ վարքագիծը։ Եթե կա կասկած, որ անձը սխալ տարիք է նշել, պետք է իրականացվի կրկնակի ստուգում։ Եթե խախտում է հաստատվում, հաշվին մուտքը պետք է անմիջապես արգելափակվի։ Նման հաշիվների հետագա ճակատագիրը կորոշվի հարթակի ներքին կանոններով։

Ավելի վաղ Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը ստորագրել էր օրենք, որն արգելում է բջջային և էլեկտրոնային սարքերի օգտագործումը նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում դասերի ժամանակ։
Դրանից առաջ էլ Ադրբեջանի գիտության և կրթության փոխնախարար Ֆիրուդին Գուրբանովը հայտնել էր, որ Ադրբեջանի կրթական հաստատություններում արգելվել է TikTok հարթակ մուտքը՝ անպատշաճ բովանդակությունը կանխելու համար։ Նա այդ ժամանակ նշել էր, որ միջազգային փորձի համաձայն՝ սոցիալական ցանցեր երեխաների մուտքը սահմանափակելը բավականին դժվար է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment