Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով

Ադրբեջանի կառավարության կողմից համակարգվող (GONGO*) «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտ» անունով կազմակերպության ղեկավար Ահմադ Շահիդովը պնդել է, թե 2016 թվականի Ապրիլյան պատերազմում հայ զինծառայողների խոշտանգումների ու գլխատումների մասին պնդումները կեղծ են։ 

*GONGO-ն հապավում է անգլերենից՝ Government-Organized Non-Governmental Organization, hայերեն թարգմանությունը՝ Կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպություն։ 

Սա այնպիսի կազմակերպություն է, որը ձևականորեն ներկայացվում է որպես անկախ ՀԿ, բայց իրականում՝ ստեղծվում է կամ ուղղորդվում, ֆինանսավորվում կամ վերահսկվում է կառավարության կողմից՝ հաճախ օգտագործվելով միջազգային հարթակներում պետական դիրքորոշումը ներկայացնելու կամ աջակցելու համար՝ որպես «անկախ քաղաքացիական ձայն»։ 

Շահիդովը նման հայտարարություն է արել Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի ընթացքում՝ հակադարձելով Հայաստանը ներկայացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ելույթին։ 

Իոաննիսյանն իր ելույթում անդրադարձել է Ապրիլյան պատերազմում հայ զինծառայողներ Հայկ Թորոյանի ու Քյարամ Սլոյանի գլխատման դեպքերին՝ նշելով, որ այդ արարքներն իրականացրած ադրբեջանցի զինծառայողները պատասխանատվության չեն ենթարկվել երկրի դատաիրավական համակարգի կողմից։ 

Հատկանշական է, որ Ահմադովը սահմանափակվում է հնչած հայտարարությունները կեղծ որակելով՝ որևէ լրացուցիչ փաստարկ կամ բացատրություն չներկայացնելով։ 

Մինչդեռ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քառօրյա պատերազմից տասը տարի անց՝ 2026 թվականի հունիսի 18-ին հրապարակած վճռում արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելքի իրավունքը, բացի այդ՝ տառապանք է պատճառել ընտանիքի անդամներին:

Փաստացի, միջազգային ատյանը հաստատել է մայոր Հայկ Թորոյանի նկատմամբ խոշտանգման փաստը։ 

ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Բաքվին հատուցում վճարել նրա հարազատներին, պատասխանատվության կանչել խոշտանգման հրահանգ տվողին ու կատարողին։ 

Այսպիսով, Բաքվի վարչակարգի կողմից համակարգվող կազմակերպության ներկայացուցիչը հիմնովին կեղծ պնդում է անում․ այժմ արդեն միջազգային դատարան ներկայացված գործերից մեկի վճռով է հաստատված հայ զինծառայողի նկատմամբ խոշտանգման ու գլխատման դեպքը, ինչին ադրբեջանցի ներկայացուցիչն անգամ մեկ հակափաստարկ չկարողացավ հնչեցնել միջազգային համաժողովում։ 

Ռազմագերիների նկատմամբ «լավ վերաբերմունքի» պնդումը

Շահիդովը նաև պնդել է, թե Բաքուն ապահովում է այնտեղ պահվող հայ ռազմագերիների՝ միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքները։ 

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից ընթացող դատավարություններից մեկում Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Ռուբեն Վարդանյանի խոշտանգման մասին վկայող փաստեր են հայտնվել համացանցում․ մասնավորապես, դատավարություններից մեկի ընթացքում Վարդանյանի դեմքին առկա էին կապտուկներ։ 

Դեպքի վերաբերյալ ադրբեջանական կողմը հստակ բացատրություն չի ներկայացրել Վարդանյանի շահերը ներկայացնողներին ու շահագրգիռ այլ կողմերի։ 

Ավելին, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է խոշտանգումների և զրկվել է շուտափույթ դատաքննության իրավունքից:

Փաստաբանները հայտարարել են, որ, ի պատասխան Ռուբեն Վարդանյանի հացադուլ անելու հայտարարության, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել կանգնել, արգելել են լվացվել և երկու օրով զրկել ջրից։ 

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմի և միջազգային դիտորդական կառույցների հնարավորությունները՝ ստանալու լիարժեք և օբյեկտիվ տեղեկություններ դատավարության ընթացքի և պահման պայմանների վերաբերյալ, սահմանափակ են։ 

Պատճառներից մեկը նաև այն է, որ Ադրբեջանը միջազգային մի շարք մեխանիզմների համար համարվում է սահմանափակ թափանցիկություն ունեցող երկիր, և դատական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը հիմնականում ամբողջական չէ կամ տրամադրվում է ընտրովի կերպով։ 

Հետևաբար, պնդումը, թե Ադրբեջանում հայ ռազմագերիները պահվում են լավ պայմաններում, փաստերով հաստատված ու համոզիչ չէ։ 

Հազարավոր ադրբեջանցիների խոշտանգման կեղծիք ու զրո փաստեր

Պաշտոնական Բաքվի կողմից համակարգվող մեկ այլ կազմակերպության ներկայացուցիչ Նազրին Ալիևան նույն միջոցառման ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «խոշտանգվել են հազարավոր ադրբեջանցիներ»։ 

Հատկանշական է, որ այս պնդման հիմքում չկան հստակ փաստեր, հղումներ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կամ կառույցների զեկույցներին, ինչպես նաև միջազգային ատյանների վճիռներ։ 

Ադրբեջանցի բանախոսը չի հիշատակում հաստատված խոշտանգման դեպքի գեթ մեկ օրինակ․ փաստացի, նրա՝ իբրև թե հազարավոր խոշտանգված ադրբեջանցիների մասին պնդումը չի հաստատվում փաստերով։ 

Նանե Մանասյան

The post Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով appeared first on FIP.AM.

Leave a comment