Մերկասառույց ճանապարհներին ու ուշացած պաշտոնյաներ․ ինչ է կատարվում Արագածոտնի մարզում

Այսօր հայտնել էինք Արագածոտնի մարզում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին՝ Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող ճանապարհահատվածում։ Մերկասառույցի պատճառով ճանապարհին ձևավորվել էր կիլոմետրանոց խցանում։

Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել։ Ըստ հաղորդագրության՝ փրկարարներն ու պարեկային ծառայության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել շուրջ 80 տրանսպորտային միջոցի։

Սակայն ստեղծված իրավիճակն անդրադարձել էր նաև պաշտոնյաների երթևեկության վրա։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով ուղևորվում էր Ապարան՝ մասնակցելու «Ապարանյան ձմեռ» մարզամշակութային միջոցառմանը, նույնպես հայտնվել էր սառած ճանապարհների հետևանքով առաջացած խցանման մեջ։

MediaHub-ը, ուսումնասիրելով փառատոնի օրակարգը, պարզել է, որ հյուրերի ընդունելությունը նախատեսված էր ժամը 10:30-ից 11:00-ը, իսկ միջոցառման պաշտոնական մեկնարկը՝ ժամը 11:00-ին։ Սակայն եղանակային անբարենպաստ պայմանների և ճանապարհների չմաքրված լինելու պատճառով բազմաթիվ մասնակիցներ չեն հասցրել ո´չ հյուրերի ընդունելությանը, ո´չ էլ միջոցառման մեկնարկին։ Այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ միջոցառման ավարտը նախատեսված է ժամը 16:00-ին։

Էմմա Մարտիրոսյան

Leave a comment