Այսօրվանից Ռուսաստան մեկնելիս  RuID համակարգում գրանցվելը պարտադիր է. ՌԴ միգրացիոն լաբիրինթոսի ուղեցույց՝ օտարերկրացիների համար

2026 թվականի հունիսի 30-ից ՌԴ մուտք գործող, վիզային ռեժիմից ազատ երկրների քաղաքացիների համար RuID հավելվածի օգտագործումը պարտադիր է դառնում: Այն օտարերկրացիները, որոնք առանց վիզային ռեժիմի երկրից են և ցանկանում են մուտք գործել Ռուսաստան, պետք է մուտքից ամենաուշը 72 ժամ առաջ գրանցվեն համակարգում: Հայաստանի և Ռուսաստանի միջև ևս առանց վիզայի մուտքի ռեժիմ է գործում, ուստի՝ RuID-ը պարտադիր է դառնում նաև ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք չունեն նաև ՌԴ քաղաքացիություն, բնակության թույլտվություն կամ կացության կարգավիճակ:

Ինչ է RuID-ը

Gosuslugi RuID-ը Ռուսաստանի պետական թվային ծառայությունների (Gosuslugi) համակարգի համար ստեղծված պաշտոնական բջջային հավելված է, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների համար։

Դրա հիմնական նպատակներն են՝

  •  օտարերկրացու թվային պրոֆիլի ձևավորում,
  •  նախապես մուտքի մասին ծանուցման ներկայացում,
  •  անձի նույնականացում,
  •  QR կոդի տրամադրում,
  •  հետագայում Ռուսաստանի պետական թվային ծառայություններից օգտվելու հնարավորություն (անհրաժեշտության դեպքում)

RuID հավելվածը մշակվել է Ռուսաստանի կառավարության թվայնացման ծրագրի շրջանակում՝ որպես օտարերկրացիների մուտքի նոր համակարգի բաղադրիչ։ Այն գործարկվել է 2025 թվականի հունիսի 30-ից՝ որպես փորձնական ծրագիր և գործել կամավորության սկզբունքով, մեկ տարի անց, փաստորեն, այն դառնում է պարտադիր:

RuID-ը պարտադիր է նաև միջազգային բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող օտարերկրացի վարորդների համար: Նրանք ևս պարտավոր են հավելվածով ներկայացնել էլեկտրոնային հայտ, նշել մուտքի նպատակը,  լրացնել բեռի տվյալները կամ  ուղևորների ցանկը, կցել իրենց անձը և գործունեությունը հաստատող փաստաթղթեր։ 



Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը Facor TV-ի հետ զրույցում, սակայն, նշում է, որ ուղևորափոխադրողների և բեռնափոխադրողների համար 2026թ. ապրիլի 27-ին ՌԴ կառավարության կողմից ընդունված N 467 որոշման համաձայն ուևորա- և բեռնափոխադրող վարորդների համար 2025թ. հունվարի 1-ից սահմանված տարվա մեջ գումարային 90 օր գտնվելու ռեժիմը փոխվում է և հունիսի 30-ից դառնում է տարվա մեջ գումարային 180 օր  RuID հավելվածով պատշաճ կարգով իրենց, բեռի կամ ուղևորների տվյալները համակարգում լրացնելու պարագայում:

Ում վրա չի տարածվում պարտադիր պահանջը

Պարտադիր գրանցման պահանջը չի կիրառվում 

  • Բելառուսի քաղաքացիների նկատմամբ,
  • մինչև 6 տարեկան երեխաների նկատմամբ,
  • այն օտարերկրացիների նկատմամբ, որոնք Ռուսաստան մուտք են գործում վիզայով,
  • դիվանագետների և որոշ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ,
  • ՌԴ-ում կացության կարգավիճակ (ВНЖ) կամ ժամանակավոր բնակության թույլտվություն (РВП) ունեցող անձանց նկատմամբ։

Տաթևիկ Բեժանյանը Facor TV-ի հետ զրույցում ներկայացնում է այն պարտադիր քայլերը, որոնք պետք է կատարել՝ նախքան ՌԴ մուտք գործելը:

ՌԴ մեկնելուց առաջ քաղաքացին պետք է ներբեռնի RuID բջջային հավելվածը, դիմում ներկայացնի, որ պատրաստվում է մուտք գործել ՌԴ: Դիմումից հետո ՌԴ պատկան մարմինները ստուգում են անձի տվյալները և եթե նրա մուտքը թույլատրվի, ապա անձը կստանա QR կոդ։

Բեժանյանի խոսքով՝ առանց այս կոդի ՌԴ  սահմանապահը պարզապես թույլ չի տա մուտք գործել երկրի տարածք։

Այս պահանջը տարածվում է բոլորի վրա, բացի նրանցից, ովքեր օդային ճանապարհով տրանզիտով ՌԴ որևէ օդանավակայանով մեկնում են այլ երկիր և չեն պատրաստվում լքել օդանավակայանի համապատասխան գոտին։

Իսկ եթե տրանզիտը ցամաքային է, ապա RuID-ն լրացնելը պարտադիր է՝ անկախ այցի նպատակից: 

Սահմանային ստուգումներ․ հեռախոսների զննություն

Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները նշում են, որ եթե անձը ստացել է QR կոդը,  դա  նշանակում է, որ նրա մուտքի համար որևէ խոչընդոտ չկա, և Ռուսաստանի Դաշնության սահմանապահները առնվազն պարտավոր են նրան ներս թողնել երկրի տարածք:

Բայց, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ QR կոդի առկայությունը դեռևս անխափան մուտքի երաշխիք չէ։ Սահմանապահն իրավունք ունի ստուգելու օտարերկրացու հեռախոսը կամ այլ  էլեկտրոնային սարքավորում (օրինակ պլանշետ, նոթբուք), եթե կասկածներ ունենա։ Մուտքի արգելքի պատճառ կարող է դառնալ ցանկացած հանգամանք, որը սահմանապահին կասկածելի կթվա:

Բեժանյանը այդպիսի օրինակներ է բերում.

  • Անդամակցությունը WhatsApp-ի կասկածելի կամ էքստրեմիստական խմբերին։
  • Սոցիալական ցանցերում (օրինակ՝ Facebook) ուկրաինական կողմին սատարող նյութեր հավանելը (like) կամ տարածելը։
  •  Ցանկացած դրական տրամադրվածություն Ուկրաինայի նկատմամբ, որը  կարող է դիտարկվել որպես սպառնալիք ՌԴ անվտանգության համար:

Ինչ պետք է իմանալ ՌԴ-ում խնդիրներից խուսափելու համար

Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն քաղաքականությունը ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որոնք պահանջում են առավելագույն զգոնություն: Միգրացիոն պահանջների չնչին խախտումները պատճառ են դառնում՝ վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելու կամ առհասարակ օտարերկրացուն արտաքսելու համար:

Վերահսկվող անձանց ռեեստրը գործարկվել է 2025-ի փետրվարի 5-ից։ Այնտեղ հայտնված օտարերկրացու բանկային հաշիվները սառեցվում են, որևէ պետական կառույց նրան որևէ ծառայություն իրավունք չունի մատուցել։ Տաթևիկ Բեժանյանը մանրամասնում է. երեխայի ծնվելու դեպքում չես կարող ծննդյան վկայական ստանալ, ամուսնություն գրանցել, գույք վաճառել, նվիրել, աշխատանքային պայմանագիր երկարացնել և այլն։ Որոշ դեպքում հնարավոր է լինում գտնվելն օրինականացնել 40,000 ռուբլի տուգանք վճարելով, բայց հիմնականում կամ անձը պարտավորվում է լքել ՌԴ տարածքը կամ նա  կարող է արտաքսվել ՌԴ-ից ոստիկանի որոշմամբ և ստանալ մուտքի արգելք 3-10 տարի ժամկետով:

Տաթևիկ Բեժանյանը ներկայացնում է այն հիմնական կանոնները, որոնք պետք է պահպանել՝ անհարկի քաշքշուկի մեջ չհայտնվելու և տհաճ անակնկալներից խուսափելու համար:

Աշխատանքային միգրացիայի «30 օրվա» կանոնը

2025թ. հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, ՌԴ -ում կարող են գտվել տարեկան գումարային 90 օր:  Աշխատանքի նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները, որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացի, ՌԴ-ում կարող են գտնվել աշխատանքային պայմանագրի ժամկետով, սակայն պետք է պահպանեն որոշակիի քայլեր կատարելու խիստ ժամանակացույց։ 

 

  1. Միգրացիոն հաշվառման կանգնի իր իրական բնակության հասցեում:
  2. Անցնի բուժզննում (բուժզննման տեղեկանքի ժամկետը 12 ամսի է, այն լրանալուց հետո, հաջորդ 30 օրվա ընթացքում պետք է կրկին անցել բուժզննումը): Բեժանյանը նշում է, որ բուժզննման հետևանքով ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերումը կարող է բերել մուտքի արգելքի։
  3. Կնքի աշխատանքային պայմանագիր (եթե անձը սահմանին, միգրացիոն քարտի մեջ ՌԴ այցի նպատակը նշում է «աշխատանքը», ապա 30  օրվա ընթացքում արդեն պետք է աշխատանքային պայմանագիր կնքի:

Այս քայլերից որևէ մեկը չկատարելու դեպքում 31-րդ օրվանից անձը  կհամարվի անօրինական միգրանտ: Այս դեպքում անձի նկատմամբ կամ կկիրառվի տուգանք 40 000-ից 70 000 ռուբլու սահմաններում կամ արտաքսում՝ մուտքի արգելքով։

2025թ. սեպտեմբերից ՌԴ սահմանին տրվող միգրացիոն քարտը այլևս անժամկետ չէ, այլ տրվում է 90 օրյա ժամկետով: Աշխատանքային միգրանտը, աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո, պայմանագիրը պետք է ներկայացնի իր ռեգիստրացիայի տարածքային միգրացիոն ծառայություն միգրացիոն քարտի ետնամասում կնիք դնելու և ռեգիստրացիան պայմանագրի ժամկետով (ոչ ավելի քան 1 տարի) երկարացնելու համար:

Կնիքի բացակայության դեպքում անգամ երկարաժամկետ աշխատանքային պայմանագրի առկայության պարագայում միգրանտը 91-րդ օրը համարվում է ՌԴ-ում անօրինական գտնվող անձ, որը կարող է հայտնվել կա՛մ վերահսկվող անձանց ռեեստրում, կա՛մ կանգնել արտաքսման վտանգի առջև:

Աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամների կարգավիճակը

Աշխատանքային միգրանտն իրավունք ունի ընտանիքի անդամներին ևս տեղափոխել ՌԴ՝ իր պայմանագրի ժամկետի տևողությամբ, միայն թե՝ նրա աշխատավարձը պետք է բավարարի ՌԴ-ի սահմանած պահանջներին: Տաթևիկ Բեժանյանը նշում է, որ տվյալ դեպքում անձի պայմանագրով գրանցված աշխատավարձը պետք է լինի ոչ պակաս, քան տվյալ տարածքի նվազագույն սպառողական զամբյուղի և ընտանիքի անդամների թվի արտադրյալը։ Հակառակ դեպքում ընտանիքի անդամները ՌԴ-ում կարող են գտնվել տարեկան առավելագույնը 90 օր, ինչպես այլ օտարերկրյա քաղաքացիները:

 Կրթություն՝ ռուսերենի քննություն հանձնելու պայմանով

Օտարերկրացի երեխաների համար 2025 թվականի ապրիլի 1-ից դպրոց ընդունվելու գործընթացը բարդացել է։ Դրա համար նախ պահանջվում է լեզվի պարտադիր քննություն:

Տաթևիկ Բեժանյանը նշում է, որ առաջին դասարան ընդունվող երեխաների դեպքում քննությունը բանավոր է, իսկ երկրորդ դասարանից սկսած՝ և՛ գրավոր, և՛ բանավոր, ընդ որում՝ պետք է ճիշտ պատասխանել հարցերի առնվազն 90%-ին, հակառակ դեպքում դպրոց ընդունվել չես կարող:

Միայն թեստը, սակայն, բավարար չէ: 6 տարեկանից բարձր երեխաները պետք է անցնեն նաև բուժզննում յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ։

Ով է պարտադիր ապահովագրվում և ով կարող է կամավոր ապահովագրել առողջությունը

ՌԴ-ում առաջին բուժօգնություն տրամադրվում է բոլորին՝ անկախ ՌԴ-ում գտնվելու կարգավիճակից, գործում է նաև բժշկական ապահովագրություն, որը կարող է լինել երկու տեսակի՝ ОМС (Обязательное медицинское страхование)` պարտադիր բժշկական ապահովագրություն և ДМС (Добровольное медицинское страхование)՝ կամավոր բժշկական ապահովագրությունը։

Տաթևիկ Բեժանյանը բացատրում է. գործատուն ОМС-ի համար վճարում է աշխատողի հարկերի շրջանակներում: Իսկ աշխատողի ընտանիքի անդամներն, ինչպես նաև ինքնազբաղվածները և ֆիզանձի հետ ծառայության մատուցման պայմանագրով աշխատողները կարող են կամավոր ապահովագրել իրենց առողջությունը:

Պարտադիր կամ կամավոր ապահովագրություն ունենալու դեպքում անձն օգտվում է բժշկական ապահովագրության տված հնարավորություններից, իսկ չունենալու պարագայում բժշկական հաստատություններում հայտնվելու դեպքում անձը բուժօգնության համար պետք է վճարի ամբողջ ծավալով:  Եվ եթե, օրինակ, աշխատանքային միգրանտի կինը հղի է, բայց չունի ДМС, անգամ ծննդաբերելու դեպքում չի կարող օգտվել անվճար բուժօգնությունից: Ուստի՝ Բեժանյանը հորդորում է նման իրավիճակներում ունենալ ДМС՝ հետագա բարդություններից ու խնդիրներից խուսափելու համար:

Մոսկվայի «Ամինա» հավելվածը և VPN-ի ռիսկը

2025 թվականի սեպտեմբերից Մոսկվայում և Մոսկվայի մարզում գործարկվեց պիլոտային ծրագիր՝  միայն աշխատելու նպատակով ԱՊՀ երկրներից մեկնող աշխատանքային միգրանտների համար։ Այս  դեպքում միգրացիոն հաշվառումը իրականացվում է «Ամինա» բջջային հավելվածի միջոցով, որը հնարավորություն է տալիս տեղորոշել  միգրանտին, այսինքն՝ որպեսզի այս հավելվածը որոշի միգրանտի գեոլոկացիան, վերջինս պետք է պարտադիր ունենա ինտերնետ հասանելիություն: Եթե անձը պատրաստվում է երեք օրից ավելի բացակայել  իր բնակության հասցեից, պարտավոր է գնալ իր ռեգիստրացիայի տարածքային ոստիկանություն և տեղեկացնել, որ պատրաստվում է 3 օրից ավելի բացակայել իր հաշվառման հասցեից։ Ցանկալի է այդ դիմումի պատճենը ունենալ, որպեսզի վերահսկվող անձանց  ռեեստրում հայտնվելու դեպքում ունենա հավաստում այն մասին, որ նախապես դիմում է գրել:

Ինչպես է գործում հավելվածը

  • Հավելվածը պարբերաբար հարցումներ է ուղարկում, որոնց պետք է պատասխանել՝ ապացուցելու համար, որ հեռախոսը ձեզ մոտ է։
  • Եթե միգրանտը 3 օրից ավելի բացակայում է հաշվառման հասցեից առանց ոստիկանությանը տեղեկացնելու, ապա նրա գրանցումը չեղարկվում է, ինչը նրա համար առաջացնում է ընդհուպ արտաքսվելու ռիսկ:

Տաթևիկ Բեժանյանը մի հանգամանք է նշում, որին ավելորդ խնդիրներից խուսափելու համար պետք է ուշադրություն դարձնել այս համակարգից օգտվելիս:

ՌԴ-ում ինտերնետ սահմանափակումները շրջանցելու համար շատերն օգտագործում են VPN հավելվածը: Սակայն երբ VPN-ը միացնում են, ծրագիրն անձի տվյալները դուրս է գցում համակարգից,  իսկ երբ անձը տեղորոշված չէ, համակարգը կարող է չեղարկել նրա գրանցումը: Այդ դեպքում անձը կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում  կամ արտաքսվել:

Սրանք էին այն հիմնական կանոնները, որոնք պետք է իմանալ ՌԴ մեկնելիս ավելորդ խնդիրներից խուսափելու համար:

 

Արաքս Մամուլյան

 

Leave a comment