ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողովին, որի շրջանակներում ստորագրվել է նաև մտադրությունների մասին հուշագիր
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Կորպորատիվ կառավարման կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողովին: «Կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները և դրանց արձագանքը Հայաստանում» խորագրով համաժողովը համախմբել էր պետական և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու կորպորատիվ կառավարման արդի միտումները, միջազգային փորձը և Հայաստանի զարգացման առաջնահերթությունները։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը համաժողովի շրջանակներում հանդես է եկել ողջույնի խոսքով և ընդգծել, որ արդյունավետ կորպորատիվ կառավարումը տնտեսական մրցունակության, ներդրումային գրավչության և կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից է, իսկ պետական մասնակցությամբ ընկերություններում դրա զարգացումը՝ պետական բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։
Համաժողովի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության, Կորպորատիվ կառավարման կենտրոնի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Պետական գույքի կառավարման կոմիտեի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր: ՀՀ ֆինանսների նախարարության անունից հուշագիրը ստորագրել է գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը: Այն հաստատում է կողմերի մտադրությունը՝ համատեղ ջանքերով նպաստելու Հայաստանի Հանրապետությունում պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքների, ինչպես նաև ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրմանն ու արդյունավետ կիրառմանը։
ՀՀ ֆինանսների նախարարության ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Լիա Հայրապետյանը միջոցառման շրջանակներում մասնակցել է «Կորպորատիվ կառավարման զարգացումները Հայաստանի պետական մասնակցությամբ ընկերություններում» խորագրով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության հիմնական նպատակներն ու իրականացվող բարեփոխումները, կորպորատիվ կառավարման բարեփոխումների հիմնական ուղղությունները, դրանց գնահատման չափորոշիչները և պետության՝ որպես ակտիվ ու պատասխանատու սեփականատիրոջ դերակատարության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Համաժողովը կարևոր հարթակ էր փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և համագործակցության զարգացման համար։ Նման միջոցառումները նպաստում են Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի շարունակական զարգացմանը և լավագույն միջազգային փորձի ներդրմանը, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման համակարգերում։
ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է իրականացնել պետական մասնակցությամբ ընկերությունների կորպորատիվ կառավարման բարեփոխումները՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց արդյունավետությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։