Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. օրինակ՝ սիրտ-անոթային վիրաբուժության 13 հազար 203, որը, ըստ էության, բավական մեծ ծավալ է. սրա մեջ մտնում են թե՛ ստենտավորումը, թե՛ սրտի բաց վիրահատությունը, ռիթմավարների տեղադրումը: Այդ մասին լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ամփոփելով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքները:
«Շատ երկար տարիներ կուտակված խնդիրներով քաղաքացիները առաջին անգամ հնարավորություն ունեն ստանալու այս վիրահատությունները, որովհետև գիտեք՝ սրանք բավական թանկ վիրահատություններ են»,- նշեց նա:
Նախարարը նաև նշեց.
«Էնդովասկուլյար վիրաբուժություն՝ 577 ծառայություն է մատուցված:
Ուսուցքաբանական ծառայություններ. սրանց մեջ մտնում են վիրահատական բուժումները՝ 6543:
Շատ մեծ թիվ է կազմում՝ 12 հազարից ավելի դեպքեր ենք ունեցել միայն դեղորայքային քիմիաթերապիայի մասով: Գիտեք, որ մեզ մոտ դեղերի փաթեթի առումով բավական ընդլայնում ունեցանք ապահովագրության շրջանակներում, եթե նախկինում պետպատվերի առավելագույն չափը 300 հազար դրամ էր, հիմա այն դարձել է 1 մլն 200 հազար դրամ ապահովագրության շրջանակներում»:
Նախարարն ընդգծեց, որ ապահովագրության ներդրումը Հայաստանում դեղորայքի նաև գների վրա որոշակի ազդեցություն կունենա: «Մենք դրա առաջին նշանները տեսնում ենք: Երբ որ նայում ենք մեկ դեղատոմսի սպասարկման արժեքը, տեսնում ենք, որ ավելի շատ դեղորայք ենք կարողացել ապահովել, և միջին մեկ դեղատոմսի արժեքը ավելի նվազ է եղել: Սա մեկ խոշոր գնորդի էֆեկտն է, որ մենք տեսնում ենք, սա մեր նախնընտրական և կարևորագույն հանձնառություններից է, որ, այո՛, Հայաստանում դեղորայքի մասով քաղաքացիների վրա մեծ բեռ կա, բայց այս բեռը թեթևացնելու ճանապարհը ապահովագրությունն է, որ քաղաքացիները ստիպված չլինեն այդ ծանր բեռի տակ ընկնել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Դիտումների քանակ3