Պոլիկլինիկաներում 1 մլն–ից ավելի աշխատավարձ ստացող բժիշկներ ունենք. Ավանեսյան

Բաժանորդագրվել

Անահիտ Ավանեսյանի խոսքով` դեռևս կան պոլիկլինիկաներ, որտեղ որոշակի ֆինանսական բարդություններ կան` նախկինում կուտակված պարտքերից։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ–ում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո պոլիկլինիկաներում կան մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով առողջության ապահովագրության 6 ամսվա արդյունքները։

Նշենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո պոլիկլինիկաներում բուժաշխատողների շրջանում դժգոհության ալիք էր բարձրացել։ Նշում էին, որ ամսական աշխատավարձը նախկինում ֆիքսված էր, իսկ հիմա կազմում է 14 000 կամ օրինակ 22 000 դրամ։ Սա պայմանավորված էր իրենց կատարած աշխատանքով` քանի անձ էին ընդունում և սպասարկում։

«Առաջին 2 ամսում այս նոր համակարգի աշխատելաոճը դեռ անսովոր էր բուժաշխատողների համար։ Որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի նրանք մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները։ Այս պահին աշխատավարձերի մասով մենք բավարար ավելացումներ ունենք։ Սա մեր երազանքի չափը չէ, բայց միայն ապահովագրության ներդրման արդյունքում առաջնային օղակում միջինում 30-40%-ի աշխատավարձի աճ է գրանցվել։ Բժիշկը, եթե չի սպասարկում օրվա ընթացքում, պացիենտ չի ունենում, ապա աշխատավարձի առումով բարդություններ կունենա։ Մեր բոլոր նեղ մասնագետները, որոնք ծանրաբեռնվածություն ունեն` աշխատավարձերն անգամներով աճել են։ Պոլիկլինիկական օղակում մասնագետներ ունենք, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում»,– ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` դեռևս կան առաջնային օղակներ, որտեղ որոշակի ֆինանսական բարդություններ կան` նախկինում կուտակված պարտքերից։ Այժմ այդ պոլիկլինիկաները վճարում են այդ պարտքերը` «առողջացած» վիճակում իրենց աշխատողներին հավելյալ գումարներ վճարելու համար։

Leave a comment