«Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումը որեւէ կապ չունի հայերի հետ»

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ստամբուլում հրատարակվող հայկական Agos թերթում հրապարակված Israel and the weaponization of the Armenian Genocide  հոդվածի թարգմանությունը։
Վիգէն Չըթըրեան 
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Դա տեղի ունեցավ Իսրայելի կողմից պաշտոնական հերքման տասնամյակներից հետո եւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական ազգայնական կառավարության կողմից օսմանյան հայերի տեղահանություններն ու զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելուց հրաժարվելուց հետո։
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որեւէ կապ չունի հայերի հետ։ Իրականում Իսրայելը թշնամաբար է տրամադրված հայերի նկատմամբ, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, որտեղ նա ընդունել էր Ադրբեջանի կողմը։
Իսրայելական կառավարությունը հսկայական քանակությամբ սպառազինություն է մատակարարել, որը վճռորոշ դարձավ 2020 թվականի պատերազմում՝ թույլ տալով Ադրբեջանին ոչնչացնել հայկական հակաօդային պաշտպանության հնացած համակարգերը։ Իսրայելը նաեւ լոբբիստական աջակցություն էր ապահովում Ադրբեջանի համար ԱՄՆ մայրաքաղաքում՝ Բաքվի համար բացելով ամերիկյան որոշումների կայացման կենտրոնների դռները։ Ընդամենը երեք տարի առաջ Իսրայելն ակտիվորեն աջակցում էր Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի նվաճելու 
եւ էթնիկ զտումների նրա քաղաքականության մեջ։
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որեւէ կապ չունի նաեւ արդարության զգացողության հետ։ Այն ժամանակ, երբ իսրայելական կառավարությունը իրականացնում է Գազայի ցեղասպանական ոչնչացումը, էթնիկ զտումները Հորդանան գետի արեւմտյան ափին եւ հարյուրավոր գյուղերի ավերումը Հարավային Լիբանանում, անցյալի ցեղասպանության ճանաչումը, մեղմ ասած, դատարկ ու կեղծավոր է հնչում։
Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս ուշացած եւ տարօրինակ ճանաչումը։ Որպեսզի հասկանանք, պետք է պարզել, թե ինչու էր Իսրայելն այդքան երկար դիմադրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Պատճառները երկուսն էին. առաջինը՝ Իսրայելի դաշինքն էր Թուրքիայի հետ։ Տասնամյակներ շարունակ Իսրայելը լոբբիստական ծառայություններ էր մատուցում թուրքական կառավարությանը, հատկապես ԱՄՆ-ում։ Երկրորդ եւ ավելի կարեւոր պատճառը ներքին քաղաքականությունն էր. իսրայելցի առաջնորդները պնդում էին, որ ոչինչ չպետք է համեմատվի Հոլոքոստի հետ։ Հետեւաբար, Հայոց ցեղասպանության ճանաչումը կնշանակեր, որ Իսրայելը «եզակի» չէ, եւ որ Եվրոպայի հրեաների տառապանքներին նախորդել էին համադրելի պատմական իրադարձություններ։
Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչված է ծառայելու որպես զենք ընդդեմ Թուրքիայի՝ նրանց հարաբերությունների վատթարացման պայմաններում։ Իսրայելը հայտարարել էր, որ այլեւս լոբբինգ չի  անելու հօգուտ թուրքական ժխտողական քաղաքականության, ընդհակառակը՝ կարող է օգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես Անկարայի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ միջոց։ Սակայն այս քաղաքական շրջադարձն իր գինն ունի. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Իսրայելը հրաժարվում է «Հոլոքոստի բացառիկության» քաղաքականությունից, եւ երկարաժամկետ հեռանկարում դրա հետեւանքներն անհայտ են։
Ինչպիսին էլ լինեն Իսրայելի որոշումների հետեւանքները, հայ քաղաքական գործիչները շահագրգռված չեն որեւէ կերպ ասոցացվել դրանց հետ։ Իսրայելն օգտագործում է հայերի դրությունը Թուրքիայի դեմ իր նոր պայքարում. սա մի քաղաքականություն է, որը կարող է փոխվել հանգամանքների բերումով։ Մյուս կողմից, այս տեղաշարժը բացահայտում է թուրքական ժխտողական քաղաքականության սահմանափակումները։ Թուրք առաջնորդները սեփական պատմական անցյալին առերեսվելու մի քանի հնարավորություն են ունեցել՝ Թուրգութ Օզալի կառավարման տարիներին, ինչպես նաեւ 2014-ին, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «ցավակցությունն» էր հայտնել հայ զոհերին։ Սակայն ամեն անգամ թուրք առաջնորդները նահանջում էին ու վերադառնում ժխտողականության քաղաքականությանը՝ այս լուրջ խնդիրը թողնելով ապագա օպորտունիստներին, որպեսզի վերջիններս այն օգտագործեն հանուն իրենց շահերի։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment