Բաղրամյան պողոտայի 18\2 հասցեի բնակիչ Նինա Դադայանի խոսքով` սա նախկինում ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է եղել, որտեղ նախորդ դարակեսին այգի է հիմնվել։
Նա պատմեց, որ 2020 թվականից սկսած այս տարածքն անընդհատ վերավաճառվում է, և վերջերս մարդիկ են եկել, ցույց տվել քաղաքապետարանի թույլտվությունը, ինչպես նաև շինթույլտվությունը և սկսել քանդել տարածքն ու հատել ծառերը։
Շենքի բնակիչները դիմել են փաստաբանի օգնությանը։
«Առավոտյան ինչ–որ մարդիկ են գալիս ու ասում, որ այստեղ ինչ–որ շենք պետք է կառուցվի` 9 մետր բարձրությամբ, ու սկսել ամբողջ տարածքի ծառերը կտրել։ Մենք չգիտենք` մեզ ինչ է սպասում»,– նշեց Դադայանը։
Նրա խոսքով` իրենց շենքում կա 4 բնակարան։ Շենքը կառուցվել է դեռ 1946 թվականին, և հիմա բնակիչները մտահոգություն ունեն, որ այս նոր շենքի կառուցման աշխատանքների արդյունքում իրենց բնակելի շենքը հնարավոր է` կանգուն չմնա։ Այդ նպատակով նրանք նույնիսկ մասնագետների են հրավիրել` ստուգումներ անելու։