Եվրոպան չի կարող ունենալ ընդհանուր բանակ․ ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնե

Եվրոպան չի կարող ունենալ իր սեփական բանակը, ՆԱՏՕ-ի եվրոպական բաղադրիչի ամրապնդումը պետք է իրականացվի անդամ պետությունների կողմից, հայտարարել է դաշինքի Ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։

«Մենք պետք է իրատես լինենք. անդամ պետություններն են, որոնք ուժեր են տրամադրում դաշինքին։ Եվրոպան չի կարող ունենալ բանակ, ինչպես որ ՆԱՏՕ-ն չունի իր սեփական բանակը», – ասել է նա իսպանական Vanguardia թերթին տված հարցազրույցում։

Ծովակալի խոսքով՝ եվրոպացի դաշնակիցների խնդիրը ոչ թե ընդհանուր բանակ ստեղծելն է, այլ ՆԱՏՕ-ի շրջանակներում եվրոպական բաղադրիչի ամրապնդումը։

Դրագոնեն նշել է, որ դա կարելի է իրականացնել ներդրումների ավելացման և ռազմական կարողությունների զարգացման միջոցով։

Ռազմական կոմիտեի նախագահն ասել է, որ եվրոպական երկրներն արդեն իսկ զգալի ներդրում են ունենում կոլեկտիվ պաշտպանության մեջ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում։ Մասնավորապես, նրա խոսքով, Իսպանիան «բացառիկ աշխատանք է կատարում»՝ մասնակցելով Լատվիայում, Սլովակիայում և Ռումինիայում իրականացվող առաքելություններին։

Leave a comment