Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգն ու դրանից ակնկալվող արդյունքները։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել թուրք-գերմանական երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Էրդողանը նշել է, որ Անկարան շահագրգռված է Բեռլինի հետ համագործակցության հետագա խորացմամբ և ընդգծել է այդ ուղղությամբ փոխադարձ քայլերի շարունակականության կարևորությունը։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Անկարան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում եվրոպական երկրները կուժեղացնեն իրենց պաշտպանական հնարավորությունները դաշինքի ներսում և քաղաքական հստակ կամք կցուցաբերեն տրանսատլանտյան կապերի պահպանման հարցում։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական պատերազմը կայուն և երկարատև խաղաղությամբ ավարտելու ուղղությամբ։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի Անկարայում հուլիսի 7-8-ը։