«Կարապետյանի գլխավոր արժեքը նրա շուրջ ձեւավորված ցանցն է»

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) կայքում հրապարակված Armenia’s New Pro-Russian Opposition Leader հոդվածի թարգմանությունը։
Հոդվածի հեղինակը լեհ լրագրող Ագնեշկա Ֆիլիպյակն է, որը տարածաշրջանի վերաբերյալ մի շարք հրապարակումների, այդ թվում՝ «Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում. Լեհաստանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» զեկույցի հեղինակն է։
Ագնեշկա Ֆիլիպյակ
Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի ընտրություններում ստացավ ձայների գրեթե 50%-ը, իսկ նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապահովեց խորհրդարանական մեծամասնությունը, ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի շուրջ ձեւավորված քաղաքական շարժումը հավաքեց 23% եւ դարձավ երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժը։
Այս արդյունքը կարող է շատ ավելի նշանակալից լինել, քան թվում է առաջին հայացքից։ Մեր առջեւ Հարավային Կովկասի համար քաջ ծանոթ սխեմա է։ Ռուսաստանի հետ խորը կապեր ունեցող հարուստ գործարարները ճգնաժամերի եւ փոփոխությունների պահերին պարբերաբար վերամարմնավորվում են քաղաքական առաջնորդների։ 
Կարապետյանն իր կարողությունը դիզել է 1990-ականների վերջին Ռուսաստան տեղափոխվելուց հետո։ Կլանելով լոգիստիկայի եւ մատակարարման ոլորտում գործող մի ընկերություն, որի գլխավոր հաճախորդներից մեկը «Գազպրոմն» էր, նա «Տաշիր Գրուպը» դարձրեց ռուսական խոշորագույն կոնգլոմերատներից մեկը՝ առեւտրային անշարժ գույքի, շինարարության, էներգետիկայի եւ ռիթեյլի ոլորտներում։
Կարապետյանը քաղաքականություն մուտք գործեց ընտրություններից մեկ տարի առաջ։ Վեց ամսում նա ստեղծեց «Ուժեղ Հայաստանը», որը դարձավ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը։ Նրա վերելքի թափն ու կուսակցության աճի տեմպերը տպավորիչ են։ Նախընտրական քարոզարշավի զգալի մասը նա անցկացրել է կալանքի կամ տնային կալանքի տակ՝ կառավարությունը տապալելու կոչերի մեղադրանքով։ 
Թեեւ հանրության առջեւ նա հազվադեպ էր երեւում, նրա կերպարն ամենուր էր՝ պաստառներին, սոցիալական ցանցերում, քաղաքական բանավեճերի կիզակետում։ Նախընտրական հանրահավաքները վարում էր նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստանի» արդյունքը Փաշինյանի իշխանությանը չի սպառնում, սակայն փոխել է ուժերի դասավորվածությունը։ Կարապետյանն արդեն սոսկ քաղաքականություն մտած գործարար չէ. նա դարձել է քաղաքական բանավեճի կենտրոնական դեմքը։ Եվ նրա վերելքը միայն անձնական վարկանիշի արդյունք չէ. այն արտացոլում է երկրի ապագայի վերաբերյալ առկա խորը տարաձայնությունները։
Փաշինյանը վերընտրվեց խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման օրակարգով՝ ընտրողներին ներկայացնելով նոր ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ ու ենթակառուցվածքային նախագծեր՝ որպես այդ խոստումների տեսանելի խորհրդանիշներ։ Սակայն նրան չհաջողվեց համոզել բոլորին։ Երկրի գլխին դեռեւս ծանրացած է երկարատեւ ու արյունահեղ պատերազմից հետո Ադրբեջանից կրած ռազմական պարտության ստվերը։
Շատերը կասկածամտությամբ են վերաբերվում ներկայիս խաղաղության գործընթացին, մյուսներին անհանգստացնում է կառավարության արտաքին քաղաքական կուրսն ու շարժը դեպի Եվրոպա։ Ոմանց համար 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի կորուստն ու 100 հազար հայերի տեղահանումը չսպիացող վերք է, մյուսները մտահոգված են, որ Հայաստանը չափազանց շատ բան է զոհաբերում՝ կայունության խոստումների դիմաց։
Կարապետյանը չի ծնել այս կասկածները, սակայն դրանց քաղաքական ձայն է հաղորդել։ Սա կարեւոր է, քանի որ անցյալում Ռուսաստանի հետ մերձեցման օգտին հանդես եկող ուժերը դժվարությամբ էին թարմացնում իրենց կերպարը՝ նույն դեմքերը, նույն ուղերձները։ Կարապետյանն առաջարկեց նոր դեմք։
Ահա այստեղ էլ ասպարեզ է գալիս Մոսկվան։ Հետաքննություններն ու վերլուծական նյութերը արձանագրում էին Փաշինյանին քաղաքական այլընտրանքներ բուծելու ռուսական ջանքերը, եւ Կարապետյանի հայտնվելը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Նա համատեղում է ֆինանսական ռեսուրսները, հանրային ճանաչելիությունը, կապերը ազդեցիկ պահպանողական ու կրոնական շրջանակների հետ եւ ռուսական քաղաքական ու տնտեսական համակարգում աշխատելու բազմամյա փորձը։ Հայ Առաքելական Եկեղեցուն նրա ցուցաբերած աջակցությունը Փաշինյանի հետ դիմակայության ընթացքում ամրապնդեց այդ կապերն այնպիսի պահին, երբ եկեղեցին մնում էր երկրի ամենահեղինակավոր ինստիտուտներից մեկը։
Այս համադրությունը սկզբունքորեն կարեւոր է. Կարապետյանին հարկավոր չէ ավանդական կուսակցական առաջնորդի տեսք ունենալ քաղաքականապես օգտակար լինելու համար։ Նրա արժեքն իր շուրջը ձեւավորված ցանցն է՝ փող, գործարար շահեր, ինստիտուցիոնալ դաշնակիցներ եւ բավականաչափ լայն հանրային լսարան, որպեսզի միավորի այն ընտրողներին, ում չի գոհացնում ներկայիս կուրսը, բայց ովքեր հոգնել են հին ընդդիմությունից։
Մոսկվայի համար նա արժեքավոր է նույնիսկ առանց ընտրություններում հաղթելու։ Ազդեցությունը միշտ չէ, որ պահանջում է իշխանության գալ. երբեմն բավական է ամուր եւ գործուն քաղաքական գործիք ստեղծել։
Արդյո՞ք կարելի է Կարապետյանին համարել կրեմլյան նախագիծ, թե պարզապես մի քաղաքական գործիչ, ում շահերը համընկնում են Մոսկվայի շահերի հետ, թերեւս, երկրորդական հարց է։ Շատ ավելի կարեւոր է այն քաղաքական իրականությունը, որին բախվել է Հայաստանը։ Ընտրողների գրեթե մեկ քառորդը քվեարկել է մի մարդու օգտին, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ կասկածամտորեն է վերաբերվում երկրի եվրոպական կուրսին։ Սա պարտադիր չէ, որ նշանակի, թե հայերը շրջվում են դեպի Մոսկվա կամ երես են թեքում Բրյուսելից. հայաստանյան քաղաքականությունը հազվադեպ է տեղավորվում նման հստակ սահմանումներում։ Նույնիսկ նոր մանդատ ստացած Փաշինյանը չի ձգտում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ նրա վարած քաղաքականության նկատմամբ թերահավատորեն տրամադրվածներից շատերը ամենեւին էլ Կրեմլի աջակիցները չեն։ Այդուհանդերձ, Մոսկվան այժմ տնօրինում է հայաստանյան քաղաքականության վրա ազդեցության ավելի հզոր խողովակ, իսկ Կարապետյանը վերածվել է մի կերպարի, որի շուրջ Կրեմլը կարող է կառուցել իր հաջորդ ռազմավարությունը։
Սա մարտահրավեր է Փաշինյանի համար։
Ոչ մի կառավարություն չի ցանկանում գործ ունենալ օտարերկրյա պետության հետ սերտորեն կապված ուժեղ ընդդիմության հետ, եւ ակնհայտ է այն թուլացնելու գայթակղությունը՝ հետաքննությունների, դատարանների կամ վարչական ճնշումների միջոցով։ Փաշինյանը դա հասկացնել տվեց ընտրություններից անմիջապես հետո՝ ընդդիմությանն անվանելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն» եւ հայտարարելով, որ դրա առաջնորդները պետք է քրեական պատասխանատվություն կրեն, իսկ «քրեաօլիգարխիկ համակարգը» պետք է արմատախիլ արվի։ Այն, թե ինչպես նա կվարվի հետո, կարող է ոչ պակաս կարեւոր լինել, քան բուն ընտրությունների արդյունքը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment