Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ո՛չ հիմա, ոչ էլ ապագայում. Արաղչի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օմանում Իրանի հետ շատ լավ բանակցություններ են անցկացվել: Նրա խոսքով՝ Թեհրանը շատ է ցանկանում գործարք կնքել:


«Կարծում եմ՝ Իրանի հետ լավ արդյունքներ ունեցանք: Հաջորդ շաբաթվա սկզբին մենք նորից կհանդիպենք»,- ասել է ԱՄՆ նախագահը:


Նա միևնույն ժամանակ նախազգուշացրել է՝ եթե Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ գործարք չկնքի, ապա հետևանքները ծանր կլինեն: Թրամփը ևս մեկ անգամ կրկնել է, որ դեպի Իրան հսկայական ուժեր են շարժվում:


«Մեր մեծ նավատորմը շարժվում է այդ ուղղությամբ և շատ շուտով այնտեղ կլինի: Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի»,- նշել է Թրամփը:


Օմանում փետրվարի 6-ին կայացած հանդիպումից հետո Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին նույնպես հայտարարել է, որ բանակցությունները լավ սկիզբ էին, շփումները կշարունակվեն: Նրա խոսքով՝ քննարկումները կենտրոնացած են եղել միայն միջուկային թեմայի շուրջ, այլ հարցեր չեն քննարկվել: Արաղչին շեշտել էր, որ երկու երկրի միջև նախկին շփումներից ձևավորված շատ խոր անվստահությունը մեծ մարտահրավեր է բանակցությունների համար:


Al Jazeera-ի հետ հարցազրույցում էլ Արաղչին նշել է, որ Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ոչ հիմա, ոչ էլ ապագայում, ինչպես նաև բացառում է հարստացված ուրանի արտահանումը երկրից:

Leave a comment