Green Rock ընկերության պարզաբանումը՝ ԿԳՄՍՆ պատասխանից հետո
Green Rock ընկերության պարզաբանում է տարածել Դիլիջանում գտնվող Աղասի Խանջյանի ամառանոցի վերաբերյալ հրապարակումից հետո, որը պատրաստվել էր ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությամբ՝ ի պատասխան «Ա1+»-ի հարցման։ «Նկատի ունենալով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենք, 36-րդ հոդվածով հուշարձանների սեփականատերերի պարտականություններին վերաբերող դրույթները (հուշարձանների սեփականատերերն են իրականացնում դրանց պահպանությունը, ամրակայումը, նորոգումը և վերականգնումը)՝ ԿԳՄՍ նախարարությունը Աղասի Խանջյանի ամառանոցի շենքի վերականգնողական աշխատանքներն իրականացնելու ֆինանսական միջոցների տրամադրում չի ծրագրավորել»,-ասել էր ԿԳՄՍ նախարարությունը։
Green Rock ընկերության պարզաբանումը
Նախ և առաջ ցանկանում ենք ընդգծել, որ Green Rock ընկերության կողմից իրականացված բոլոր նախնական ուսումնասիրություններն ու վերլուծական աշխատանքները կատարվել են բացառապես ընկերության սեփական միջոցներով և անվճար փոխանցվել համապատասխան պետական մարմիններին՝ առանց որևէ ֆինանսական փոխհատուցման պահանջի, հուշարձանի ճակատագրի հարցերի կարգավորման նպատակով, որը գտնվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավասության ներքո։
Ինչ վերաբերում է հուշարձանի ներկայիս վիճակին և դրա հետագա ճակատագրին, անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ դրա պահպանության, վերականգնման և զարգացման վերաբերյալ որոշումների ընդունումն ու իրականացումը գտնվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լիազորությունների շրջանակում։
Green Rock ընկերությունը՝ որպես մասնավոր ընկերություն, որևէ լիազորություն չունի ինքնուրույն որոշումներ կայացնելու հուշարձանի վերականգնման, պահպանության կամ ֆինանսավորման վերաբերյալ։
Ուստի հոդվածում տեղ գտած այն պնդումը, թե վերականգնման գործընթացի ձգձգումը կամ օբյեկտի ներկայիս վիճակը պայմանավորված է մասնավոր ընկերության գործողություններով կամ անգործությամբ, չի համապատասխանում իրականությանը և որևէ փաստով չի հիմնավորվում։