Հայկ Մարգարյան. ՀՏ Հայկոյին «սպանելու» եւ «Հայկ 4.0» դառնալու մասին

«Rearrange» փոդքասթի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մեդիամաքսը ներկայացնում է Նարեկ Ամիրխանյանի եւ նրա հյուրերի զրույցների տեքստային տարբերակը՝ առանձնացնելով առավել հետաքրքրիր դրվագները:
 
«Rearrange»-ում ռեփեր, լեռնագնաց եւ գործարար Հայկ Մարգարյանը խոսել է Էվերեստի վերելքի, դժվարություններ հաղթահարելու կարեւորության եւ ՀՏ Հայկոյի տրանսֆորմացիայի մասին։ 
Դժվա՞ր էր, շա՞տ դժվար, թե՞ կատաստրոֆիկ դժվար Էվերեստ բարձրանալը
Կարող եմ այսպես ասել՝ ֆանտաստիկ «ոռի» էր։ Ընդ որում՝ ֆանտաստիկ էր լավ առումով եւ դրան զուգահեռ՝ «ոռի», որովհետեւ շատ դժվար էր։ Իմ սպասածից երեւի երեք-չորս անգամ դժվար։ 
Էվերեստը այնքան էլ տեխնիկական սար չէ, բայց մեկ է՝ բարձրությունն իրեն ասում է։ Այնպես որ, այն շատ լուրջ տանջեց ինձ։ Նախ վերելքը շատ երկարատեւ է. երկու ամիս այնտեղ եմ եղել, որից 51 օրը՝ սարի վրա։ Սա հոգեբանորեն շատ բարդ է, նույնիսկ, եթե ոչինչ չանես։ 
5000 մետրից բարձր ես անցկացնում օրերդ, եւ մոտ մի շաբաթ պետք է, որ քայլել սկսելու կետից հասնես հիմնական ճամբար։ Ընդ որում, քայլել սկսելու կետը Լուկլան է, որը հայտնի է իր օդանավակայանով։ Այն 2800 մետր բարձրության վրա է եւ համարվում է աշխարհի ամենաէքստրեմալներից մեկը։ Նախ բարձրության հաշվին արդեն վտանգավոր է, բացի այդ, թռիչքուղին 500 մետր է՝ 13 աստիճան թեքության վրա։ Ինքնաթիռները փոքր են ու դրանց մեջ գտնվելը, նույնիսկ գետնին, արդեն մի քիչ դիսկոմֆորտ է, ուր մնաց՝ թռնելը։ Ոչ պատրաստված մարդու համար սթրեսը սկսվում է հենց սկզբից։ 
Էվերեստ բարձրանալու որոշումը
էվերեստը յուրաքանչյուր լեռնագնացի «wish list»-ում է։ Անկախ ամենից՝ ինչ էլ ասեն կամ որքան էլ ծանրաբեռնված լինի, աշխարհի ամենաբարձր գագաթն է։ Իրենից վերեւ միայն տիեզերեքն է, ու այս փաստը շրջանցել չի լինի։ 
Ես լեռնագնացի կարիերան սկսել եմ մոտ յոթ տարի առաջ։ Եթե ՀՏ Հայկոյի ժամանակներում ինձ ինչ-որ մեկն ասեր, որ ապագայում սարեր պիտի բարձրանամ, բարձր կխնդայի, որովհետեւ դրանք առհասարակ չեն եղել հետաքրքրություններիս մեջ։ 
Սիրել եմ ճամփորդել՝ ծով, օվկիանոս, տրոպիկներ, բայց սարերը նույնիսկ չեմ նկատել, անգամ՝ Արագածը։ Ամեն ինչ սկսվեց արշավներից։ Մինչ դա Հայաստանի բնության մասին լրիվ այլ կարծիք ունեի։ Իմ համար այն դեղին, վառած խոտի, չոլերի պես տեղ էր ու չէր հետաքրքրում։ Իրականում նույնսիկ ամաչում եմ, որ նման միտք եմ ունեցել ու միշտ ձգտել եմ Հայաստանից դուրս ճամփորդել՝ մտածելով, որ այստեղ տեսնելու բան չկա։ 
Մի անգամ ArmGeo-ի հետ գնացել եմ Թռչկանի ջրվեժ ու դրանից հետո սկսել եմ ամեն շաբաթ առանց բացառության արշավել։ Քիչ-քիչ հետաքրքրություններս լայնացան, ծավալը շատացավ, բարդությունն՝ ավելացավ ու ի վերջո Հայաստանում բարդություններն ավարտվեցին։ Մի օրում Արագածի չորս գագաթը բարձրացա, ձմեռային Արագած «արեցի»։ Մի խոսքով՝ սկսեց չհերիքել։ 
Դժվար բաներ անելու ցանկությունը 
Ինձ թվում է՝ բնավորությանս մաս է։ Կյանքում միշտ սիրել եմ մարտահրավերներ. անել մի բան, ինչը ոչ ոք չի արել, մեծացանել սեփական սահմանները։ Առաջին հերթին սա ինքս ինձ համար եմ անում, հետո՝ նաեւ հանրության. գուցե, մոտիվացնի ուրիշներին։ Բայց հիմնականն ինքս ինձ բացահայտելն է, թե էլ ի՞նչ կարող եմ անել, էլ ո՞ւր գնալ։ Երբ ինչ-որ նպատակ ես դնում ու հասնում դրան, մեծ բավարարվածություն է գալիս։ Խաղի պես մի բան է, եւ դու փուլ առ փուլ առաջ ես գնում։ Այդպես ավելի հետաքրքիր է ապրել, սա հոգեպես ուժեղացնում է՝ անդրադառնալով ողջ կյանքիդ վրա։ 
Կյանքի ու մահվան կռիվը լեռան վրա
Մահվան շունչը զգում ես ու երբեմն նույնիսկ այնքան հաճախ, որ սովորական է դառնում։ Նկատի ունեմ՝ դու գիտես, թե ուր ես գնում ու պիտի նորմալ վերաբերվես այս զգացողությանը, որովհետեւ գալը քո ընտրությունն էր։
7000 մետրից բարձր սարերը լրիվ ուրիշ են։ Առաջին նման փորձի ժամանակ ես տագնապային գրոհ ունեցա։ Ամենամեծ բարձրության վրա քնելս էր ու երբ նման տեղում թթվածին քիչ ես ստանում, ուղեղդ սկսում է լրիվ այլ կերպ աշխատել։ Բոլոր վախերը դուրս են գալիս «ջրի երես»։ Հիշում եմ՝ գիշերը շատ ուժեղ քամի եղավ։ Տպավորություն էր, որ 100 մարդ դրսից խփում են վրանին, ու չես հասկանում՝ սա վերջ ո՞ւնի։ Հատկապես, երբ տեղեկություն ունես, որ այդ տեղում ձնահոսքեր հաճախ են լինում։ Վախդ ուժեղանում է, թթվածնի պակասն էլ մյուս կողմից ու շունչդ սկսում է կտրվել։ Այդ պահին ամենակարեւորը ճիշտ շնչելով քեզ վերականգնելն է։ Օրինակ՝ ինձ օգնեց, որ «դուխ արեցի», հենց ուժեղ քամու ժամանակ վրանը բացեցի ու նայեցի՝ ինչ կա դրանից դուրս։ Երբ անորոշության մեջ ես, վախն էլ ավելի ուժեղ է։ Նման դեպքերից հետո սովորական կյանքում ունեցածդ դժվարություններին լրիվ այլ կերպ ես նայում։ Երբ մահվան հետ խնդիր ես լուծում, մնացածը հարցերը շատ մանր են դառնում։ 
Լեռներում բոլորի հետ հավասար լինելն էլ է շատ հետաքրքիր բան։ Օրինակ՝ Էվերեստն արդեն իսկ թանկ հաճույք է, այնտեղ սովորական մարդ չես տեսնի, հիմնականում բոլորը գործարարներ են։ Բայց ունեցվածքը, դիրքն արդեն կապ չունի, որովհետեւ այդ բարձրության վրա մնում են միայն մարդկային բնազդները։ Մարդը լրիվ «տկլորանում է»։ Կապ չունի՝ ով է, ինչքան փող ունի, այնտեղ բոլորս տկլոր ենք բնության առաջ։ Այնպես որ, լեռներում հա՛մ վատն ես տեսնում, հա՛մ լավը։ Դրա համար այնտեղ ձեռք բերված ընկերությունը շատ ուժեղ բան է։ 
Երկու մահն ավելի վատ է, քան՝ մեկը
Կոդեքս կա՝ լեռներում յուրաքանչյուրը պատասխանատու է իր համար։ Օրինակ՝ կարող է դեպք լինել, երբ տեսնես օգնության կարիք ունեցող մարդու եւ իմանաս՝ դու ուժ չունես նրան փրկելու։ 
Հավանականությունը, որ իրեն կփրկես, շատ փոքր է, բայց փրկելու փորձ անելու դեպքում քո մեռնելունը դառնում է 99%։ Այդ պահին օգնության կարիք ունեցողին թողնելու որոշումը շատ ծանր հոգեբանական բեռ է։ Բայց պարտավոր ես կայացնել այդ որոշումը, որովհետեւ երկու մահն ավելի վատ է, քան՝ մեկը։ 
Էվերեստի վրա եւ՛ մահացածի տեսա, եւ՛ գագաթից իջնելուց՝ մահացողի։ Հենված էր երկու շերպայի վրա, ակնհայտ էր՝ ողջ չի մնա։ Հետո իմացա, որ իր դիակը մեծ դժվարությամբ են կարողացել իջեցնել։  
Շատերը կասեն՝ «լավ, մարդ էլ 60 հազար դոլար ծախսի, որ գնա մեռնի»։ Բայց մենակ սենց է, որ կյանքը լիովին վերարժեւորում ես։ Սարից իջնելուց ես հստակ գիտեմ՝ իմ համար ովքեր են կարեւոր այս կյանքում։ Սկսում եմ գնահատել ունեցածս՝ ծորակի ջուրը, փափուկ անկողինը, նորմալ սնունդը։ 
«ՀՏ Հայկոյին իմ ձեռքով սպանեցի»
Երաժշտությունը «թարգելն» ու իմ ակումբը բացելը զուգահեռ ստացվեց։ 
Երաժշտությունը թողնելու միտք չեմ ունեցել, հակառակը՝ բիզնեսը սկսել եմ կարիքից ելնելով։ Դրան նայում էի որպես պասիվ եկամուտ։ Նպատակս բիզնեսն ու ռեփը համատեղելն էր։ Բայց մի պահ եկավ, երբ հասկացա՝ պիտի ընտրություն կատարեմ։ Ընտրեցի բիզնեսը, որովհետեւ ռեփով չէի կարող այն գումարը վաստակել, որով կբավարարեի կարիքներս։ Ես կյանքում չեմ ուզել «բոմժ արվեստագետի» ճակատագիր ունենալ, որ բոլորն ինձ ճանաչեն, բայց ես հացի փող չունենամ։ Ինքնըստինքյան, ՀՏ Հայկոյին իմ ձեռքով «սպանեցի»։ 
Որոշում կայացնելը դժվար էր, բայց երբ ինքս ինձ հետ պայմանավորվում եմ, էլ հետ չեմ նայում։ 
«Տիեզերքում ոչ մի բան ստատիկ չէ»
Առհասարակ ինչ-որ բանից չհոգնելու միակ տարբերակը փոփոխություններն են։ Ոնց Բրյուս Լին էր ասում՝ «Be water»։ Մեր տիեզերքում ոչ մի բան ստատիկ չէ, չեմ հիշում՝ ով էր ասել, բայց միակ մշտական բանը փոփոխություններն են։ 
Ինչքան շատ տրանսֆորմացվես՝ քո օգուտն է։ Իմ մոտ վերափոխումներն այքնան շատ են եղել, որ ինձ համարում եմ չորրորդ «ափդեյթ» եղած տարբերակ։ Ես հիմա Հայկ 4.0-ն եմ, որովհետեւ նախորդների հետ ընդհանրապես կապ չունեմ։ 
Ֆիլմ «Հայ տղերք»-ի մասին
Հիմա «Հայ տղերք»-ի մասին ֆիլմ է ստեղծվում։ Նկարահանումը նախատեսված է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Սցենարը, կարելի է ասել, արդեն ավարտել ենք, մի տարի է վրան տանջվում ենք։ 2027թ.-ի դեկտեմբերից ֆիլմը կլինի բոլոր կինոթատրոններում։ 
Այն խաղարկային է՝ դոկումենտալ գաղափարով։ Միշոյի հետ շատ ինտենսիվ աշխատել ենք ու ամենադժվարը եղել է հիշելը։ Շատ հետաքրքիր է ստացվում։ 
Ի՞նչ լսել
Դասական երաժշտություն։ Եթե սիրեցիր, խորացար դրա մեջ, մնացած ժանրերի հետ ոչ մի խնդիր չի լինի։ Բարդության տեսանկյունից մյուս կետում կգերադասեի կլասիկ ռոքը։ Բոլորին խորհուրդ կտամ Pink Floyd։ Երբ իրենց լսում եմ, թվում է՝ ուրիշ մոլորակից ֆլեշկայով ինչ-որ բան են ուղարկել մարդկությանը, որը պիտի լսենք-վայելենք։ Միանշանակ խորհուրդ կտամ Բախ, Մոցարտ։ Ռեփից կդժվարանամ առանձնացնել, բայց 2Pac-ին, Biggie-ին գոնե պետք է ծանոթանալ։ Ընդ որում՝ իրենք շատ տարբեր են։ Դե Nirvana-ն, որը միշտ կա։ 
Ոգեշնչում է ոգեշնչելը
Ինձ ոգեշնչում է ուրիշներին ոգեշնչելը։ Մարդիկ սոցիալական կենդանիներ են ու մեզ պետք են ոգեշնչման ինչ-որ աղբյուրներ։ Եթե ոչ ոք ոչինչ չանի, հավանականությունը քիչ է, որ ինչ-որ մեկը տեղից կշարժվի։ 

Leave a comment