Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները դատապարտել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը՝ այն որակելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ։ Թուրքական կողմը պնդել է, թե այն նպատակ ունի ստվերել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների շուրջ միջազգային քննադատությունը։ Նույնատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ 1915 թվականի իրադարձությունները քաղաքական որոշումների առարկա դարձնելն անընդունելի է և չի նպաստում տարածաշրջանային հաշտեցմանը։
Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ՝ Իսրայելի այս որոշումը պետք է դիտարկել ոչ թե բարոյական կամ պատմական, այլ աշխարհաքաղաքական և ռազմավարական համատեքստում։ Նրա խոսքով՝ միջազգային հարաբերություններում այսօր առաջնային են դարձել ոչ թե արժեքային, այլ ուժային և ռազմավարական հաշվարկները։
«Աշխարհը թևակոխել է, այսպես կոչված, չոր ռեալիզմի փուլ, երբ պետություններն առաջնորդվում են ոչ թե բարոյական սկզբունքներով, այլ բացառապես սեփական շահերով։ Այդ պատճառով Իսրայելի որոշումն էլ ունի հստակ ռազմավարական նպատակներ՝ թե՛ ժամանակային առումով, թե՛ տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում։ Այս քայլը նախևառաջ ուղղված է Թուրքիային քաղաքական և դիվանագիտական հակազդեցություն ցուցաբերելուն»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Պողոսյանը։
Պողոսյանի խոսքով՝ վերջին ամիսներին Թուրքիան միջազգային տարբեր հարթակներում բազմիցս մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ ակտիվորեն մասնակցելով Իսրայելի դեմ քաղաքական և իրավական գործընթացներին։ Նրա գնահատմամբ՝ հենց այս ֆոնին էլ Իսրայելը որոշել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ փորձելով ցույց տալ, որ ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնող Թուրքիան մինչ օրս չի ընդունել սեփական պատմական պատասխանատվությունը։
Քաղաքագետի կարծիքով՝ որոշումն ունի նաև ավելի լայն աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ձևավորվում են ուժերի նոր հարաբերակցություններ, և Իսրայելը փորձում է վերադասավորել իր դիրքերը՝ հաշվի առնելով Թուրքիայի աճող տարածաշրջանային հավակնությունները։
Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքներին՝ Արա Պողոսյանը նշում է, որ դրանք լիովին սպասելի էին։ Նրա խոսքով՝ դեռ այն ժամանակ, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակավ հայտարարել էր, որ անձամբ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, արդեն ակնհայտ էր, որ թուրք-իսրայելական հարաբերությունների խորացող ճգնաժամը կարող է հանգեցնել նման քաղաքական որոշումների։ Փորձագետի գնահատմամբ՝ Թուրքիայի նախաձեռնած միջազգային արշավը՝ Գազայի հարցով Իսրայելին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, լրացուցիչ խթան դարձավ նման քայլի համար։
«Անկախ Թուրքիայի կամ Բաքվի արձագանքից՝ ամեն ինչ շատ ակնհայտ է։ Եթե հիշենք, թե երբ Բենիամին Նեթանյահուն ուղիղ եթերում հայտարարեց, որ անձամբ ինքը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա այն ժամանակահատվածն էր, երբ թուրք-իսրայելական հարաբերությունները էլ ավելի էին լարվել, և Թուրքիան նախաձեռնել էր Գազայի հատվածի հետ կապված բավականին ակտիվ քննարկումներ՝ Իսրայելին մեղադրելու և միջազգային դատարանում պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- ասաց Պողոսյանը։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին՝ քաղաքագետը նշում է, որ ներկայիս գործընթացը, ըստ էության, ընթանում է Թուրքիայի թելադրած օրակարգով։ Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է առաջ քաշել նախապայմաններ, որոնցից առանցքայինը Հայոց ցեղասպանության թեման բանակցային գործընթացից դուրս պահելն է։
Պողոսյանի կարծիքով՝ այդ մոտեցումն արտահայտվել է նաև Հայաստանի իշխանությունների հայտարարություններում, երբ նշվել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Քաղաքագետի գնահատմամբ՝ նման պայմաններում դժվար է խոսել հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք և հավասարակշռված կարգավորման մասին, քանի դեռ գործընթացը հիմնված է միայն մեկ կողմի նախապայմանների վրա։
Ալիտա Եղիազարյան