ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «Թրամփի ուղուն»


«Թրամփի ուղին» «երկիմաստ հեռանկարներ» ունի, նախագիծը «միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից», – RTVI-ի հետ հատուկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։


Նրա խոսքով՝ «Թրամփի ուղի» նախագիծը «դատարկ տեղում» չի առաջացել։ «2022-2023 թվականներին Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հետ կապված բոլոր հարցերը, իսկ այդ կապերի վերականգնումը հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական համաձայնագրերի մաս էր կազմում, քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ երեք պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով», – հիշեցրել է Գալուզինը։


Ռուսաստանի փոխարտգործնախարարն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմից հետո Իրանը, «հավանաբար, չի հիանա իր սահմաններից անմիջապես հյուսիս Միացյալ Նահանգների ներկայությամբ»։


«Ավելին, որոշ փորձագետներ կարծում են, որ Չինաստանը նույնպես գոհ չի լինի, որ ԱՄՆ-ն է վերահսկելու Կենտրոնական Ասիայից Եվրոպա «Թրամփի ուղի» տրանսպորտային և լոգիստիկ երթուղու որոշակի հատվածը»,- բացատրել է բարձրաստիճան դիվանագետը։


Ըստ նրա՝ հեռանկարները միանշանակ չեն, հետևաբար Ռուսաստանի մասնակցությունն այդ նախագծին միայն օգուտ կբերի։

Leave a comment