«Կոմիտաս պարկի» բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել, պատճառն այն է, որ իրենք մինչև այսօր գազ չունեն:
Բնակիչներից մեկը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ շենքը պետք է իրենց հանձնվեր դեռ 2023 թվականին, սակայն միայն երկու տարի անց՝ 2025-ին են իրենք բնակարանները ստացել։
«Հիմա սկսել ենք վերանորոգումը, շատ մարդիկ կան, որ եկել ապրում են այստեղ, բայց գազ ոչ մեկս չունենք, ինչը շատ մեծ խնդիր է»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց ասել են, որ մինչև դեկեմբերի վերջ ամեն բան կարգին կլինի, բայց, ինչպես երևում է, ոչինչ չի կարգավորվել։ «Մենք կրկին կանգնել ենք այն փաստի առջև, որ գործ չի արվել, գազի խողովակները քաշել ենք, բայց գազ չունենք»,- նշեց նա։
Հարցին, թե կառուցապատողն ինչպես է մեկնաբանել, շենքի բնակիչն ասաց՝ կառուցապատողը միայն ժամկետն է հետաձգում։
Մեկ այլ քաղաքացի էլ, ով արդեն ապրում է շենքում, նշեց՝ ճարահատյալ են տեղափոխվել նոր բնակարան։
«Ստիպված տեղափոխվեցինք էստեղ ապրելու. ցրտից շենքի խողովակները պայթել էին, ու վնասվել էր մեր վերանորոգումը, դրա համար տեղափոխվեցինք էստեղ, հոսանքով սկսեցինք տաքացնել, որ մենք էլ նման խնդիր չունենանք»,- նշեց մեր ցրուցակիցը։
Էմմա Մարտիրոսյան