ԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկել է մինչև ամառ պատերազմը դադարեցնել > Լուրեր Հայաստանից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ վերահաստատել է իր դիրքորոշումը Դոնբասի հարցի վերաբերյալ։

«Կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք․ այսօրվա հրադադարի ամենաարդար և ամենահուսալի մոդելն է»,- ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասել է նա։

Զելենսկին նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկել է պատերազմը դադարեցնելու նպատակային ամսաթիվ մինչև ամռան սկիզբ և, հավանաբար, նախատեսում է համապատասխան ճնշում գործադրել երկու կողմի վրա՝ հիմնվելով այս ժամկետի վրա։

Պետության ղեկավարի խոսքով՝ փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմական ներկայացուցիչները քննարկել են հրադադարի հնարավոր մոնիթորինգի տեխնիկական պարամետրերը, եթե պատերազմը դադարեցնելու քաղաքական որոշում կայացվի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։

Զելենսկին նաև նշել է, որ հաջորդ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն մեկ շաբաթից։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է իր տարածքում անցկացնել ուկրաինական և ռուսական բանակցային խմբերի հանդիպում, և ուկրաինական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը մասնակցելու համար։

Leave a comment