ՔՊ-ն ՌԴ-ի մասով հակափաստարկ չի ներկայացրել. Արամ Վարդևանյանը` Սեդա Սաֆարյանի հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցադրումները։

«Դատական նիստի ընթացքում արդեն իսկ դիրքորոշումը ներկայացվեց, որ դատավորները պետք է քննության առարկա դարձնեն հերթական անգամ մասնակցության անհնարինության հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ հարցադրման բովանդակությունը, իր կարծիքով, բխում էր ՍԴ դիմած ուժերից մեկի քաղաքական խոսույթից։

Հստակեցնող հարցին՝ ո՞ր ուժի մասին է խոսքը, Վարդևանյանը կարճ պատասխանեց. «Ես վստահ եմ՝ դուք կկռահեք»։

Մեր դիտարկմանը, թե արդյոք դատարանը կքննարկի դատավորի մասնակցության անհնարինության հարցը, նա նշեց, որ նիստի ընթացքում նոր հանգամանք է ի հայտ եկել։

«Սա, կարծում եմ, իսկապես նոր հանգամանք էր, որը տեղի ունեցավ դռնբաց դատաքննության ընթացքում՝ բոլորի ներկայությամբ»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ նման հարցադրումների ձևակերպումը դժվար է նույնացնել «ի պաշտոնե քննության» սկզբունքի հետ, քանի որ այն, ըստ նրա, չի կարող սահմանափակվել մամուլի հաղորդագրությունների մեջբերմամբ։

Հիշեցնենք՝ նիստի ընթացքում ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվել էր․ «Ես խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից առաջ, նաև շատ ավելի առաջ, Ռուսաստանի Դաշնության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այս երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա, ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ ընտրությունների արդյունքների վրա՝ ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա, և ինչո՞ւ այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment