Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։ Նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ Հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները և նորակոչիկների հարազատները։
Շիրակի մարզպետը ծառայության մեկնող տղաներին մաղթել է բարի ու խաղաղ ծառայություն՝ հորդորելով չերկնչել խոչընդոտների առջև։
«Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր ձեր կյանքում կարևոր ու պատասխանատու փուլ է սկսվում։ Համոզված եմ, որ պատվով եք իրականացնելու ձեր զինվորական պարտքը՝ լինելով կարգապահ, համախմբված և արժանապատիվ զինվորներ։ Հիմա դուք գնում եք ծառայելու խաղաղ երկրում, գնում եք ծառայելու և պաշտպանելու ոչ միայն մեր սահմանները, այլև մեր ինքնիշխանությունն ու խաղաղությունը։ Ծառայությունը ոչ միայն հայրենիքի հանդեպ պարտք է, այլև կյանքի կարևոր դպրոց, որտեղ կոփվում են բնավորությունն ու կամքը։ Մաղթում եմ ձեզ խաղաղ և անվտանգ ծառայություն, առողջություն, ամուր ոգի և անփորձանք վերադարձ ձեր ընտանիքներ»։