FOMO vs. ROMO/JOMO կամ կեցության թեթեւությունը որպես նոր թրենդ

Որքա՞ն հաճախ եք օրվա ընթացքում զգում, որ շատ բաներ եք ծրագրում, ուզում անել,  բայց չեք հասցնում, չեք կարողանում լինել այն բոլոր տեղերում, որտեղ կուզեիք։ 
Կարծես դեռ նախորդ ամիս էիք վերադարձել այդքան երկար սպասված ու ծրագրված հանգստից, իսկ այսօր արդեն Ինստագրամում տեսնում եք պայմանական եվրոպական երկրի պայմանական գողտրիկ քաղաքում զբոսնող Ձեր ընկերոջ կամ հայտնի բլոգերի նկարները։ Ու եթե այդ ընկերոջ հետ պարզապես հանդիպեիք ու զրույցի ընթացքում նա Ձեզ պատմեր, թե որտեղ եւ ինչպես է անցկացրել իր կարճատեւ արձակուրդը, դա, ամենայն հավանականությամբ, Ձեզ տհաճություն չէր պատճառի։ Բայց երբ բազմոցին պառկած թերթում եք սոցիալական ցանցերն ու տեսնում նրա նկարները, անմիջապես մտածում եք, որ հիմա դուք էլ կարող էիք այնտեղ լինել եւ ձեր ժամանակն այլ կերպ անցկացնել։ Ձեր անցած ուղեւորության հիշողությունն ու տպավորությունները կարծես գունազրկվում են, արժեզրկվում, ու դուք նոր նպատակ ունեք արդեն։ Իհարկե, այնքան էլ պարզ չէ՝  դա իրոք ձեր նպատակն է, թե՞ ոչ, բայց․․․
Եթե նկարագրածս ձեզ ծանոթ է, ուրեմն այո, դուք եւս տառապում եք ժամանակակից հասարակության ախտով՝ թրենդային FOMO (fear of missing out) հիվանդությամբ, հայերիս համար ավելի հասկանալի՝ «ուրիշներից հետ չմնալու» վախը։ 
2004 թվականին այս եզրույթն առաջին անգամ օգտագործեց Հարվարդի բիզնես դպրոցի ուսանող Պատրիկ ՄըքԳիննիսը, իսկ արդեն 2013-ին այն հայտնվեց Օքսֆորդյան բառարանում։
Եվ բոլորովին զարմանալի չէ, որ «ամեն տեղ լինել-ամեն ինչ հասցնելու» տեմպով ապրելը մարդկանց շրջանում ծնեց հակառակ ծայրահեղությունը՝ ROMO/JOMO (relief /joy of missing out), երբ թեթեւություն ու բավարարվածության զգացում է բերում ինչ-որ բաներից հրաժարվելը։ Սա էլ համացանցում վիրուսային կերպով տարածվեց ձանձրույթի մեմերի արքա Կիլիան Մերֆիի շնորհիվ։ 

FOMO եւ JOMO միջեւ պասիվ ինքնախնամքն է՝ պիտակներ սիրող ժամանակակից աշխարհում bedrotting անունը ստացած, երբ մարդիկ ժամեր կամ օրեր են անցկացնում անկողնում՝ հանգստանալու եւ վերականգնվելու նպատակով, սակայն իրականում թերթելով սոցիալական ցանցերը ու հետեւելով ուրիշների կյանքին։ Թե որքան բացասաբար է ազդում դա ընդհանուր եւ հոգեկան առողջության, ինչպես նաեւ քնի որակի վրա, արդեն բազմիցս զգուշացրել են հոգեկան առողջության եւ քնի հեղինակավոր մասնագետները։
Իսկ ճշմարտությունը, ինչպես միշտ, ոչ թե բեւեռներում է, այլ մեջտեղում։ Կարիք չկա հրաժարվել ամեն ինչից, մերժել ամեն ինչ ու բոլորին, փակվել տանը։ Կարիք չկա լինել ամեն տեղ ու փորձել հասցնել ամեն ինչ։
Ու ընդհանրապես, երջանիկ ու բավարարված զգալու համար պարտադիր չէ ունենալ ամեն ինչ։ Հակառակը՝ պետք են քիչ, բայց հաստատուն բաներ, որոնք խարսխված են իրական կյանքի, իրական մարդկանց  ու հենց մեզ համար իսկապես կարեւոր, ֆունդամենտալ արժեքների վրա։
Եկեք մտածենք՝ արդյո՞ք մենք նույնքան ուշադիր ենք մեր օֆլայն ինքնության հանդեպ, թե միայն օնլայն ինքնությունն ենք անընդհատ հղկում, փայլեցնում ու ֆիլտրում։
Լուսինե Վարդանյանը բժիշկ է՝  նյարդաբան, հոգեբույժ։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

Leave a comment